Ջիգարխանյանի աշխատասենյակում գաղտնալսող սարքերը կարող էին նրա կնոջ կարգադրությամբ տեղադրված լինել. լրատվամիջոցներ

15:35 • 16.11.17

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերումից հետո քրեական գործ է հարուցվել:

Ինչպես նշում է kp.ru-ն, սարքերը նախատեսված են եղել գաղտնի տեսագրություններ և ձայնագրություններ անելու համար:

Թատրոնի աշխատակիցների մի մասը վստահ է, սարքերը տեղադրվել էին դերասանի երիտասարդ կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոնմանովսկայայի կարգադրությամբ:

«Հենց որ մենք փորձում էինք առանց կողմնակի անձանց խոսել Արմեն Բորիսովիչի հետ, անմիջապես հայտնվում էր Վիտալինան: Հավանաբար, նա հեռավորության վրա հետևում էր ամուսնու աշխատասենյակի անցուդարձին՝ առավել ևս, որ նրա հայրը մեր թատրոնում ինժեներ էր աշխատում»-պատմել է թատրոնի աշխատակիցներից մեկը:

Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի վստահված անձ Իրինա Մազուրը ասել է, որ տեսահսկման տեսախցիկները տեղադրվել են իշխանությունների պահանջով: Նա նաև պնդել է, որ Ջիգարխանյանն իմացել է այդ սարքերի առկայության մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Ջիգարխանյանի կնոջ տանը՝ հայտնաբերելով դերասանի՝ ավելի վաղ կորած անձնագիրը, ինչպես նաև նրա բժշկական թղթերը:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ու նրա կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ խոշոր վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող», «սրիկա» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը՝ այդ թվում նաև 3 բնակարանը յուրացնելու համար: 

Բացի այդ, Ջիգարխանյանը կնոջը հեռացրել է իր իսկ հիմնած դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է Ռուսաստանից՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ:

Այնուհետև Ջիգարխանյանը կնոջից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել: Հայտնի է, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան տվել է իր համաձայնությունն ամուսնալուծության համար և ամուսնալուծության գործընթացը մեկնարկելու է նոյեմբերի 27-ին:

Ավելի վաղ իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը պատմել է, որ Ջիգարխանյանի հիմնած ու նրա անունը կրող դրամատիկական թատրոնը 2 տարի ղեկավարելու ընթացքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թատրոնից օֆշորներ է տեղափոխել մոտ 80 մլն ռուբլի:

Ջիգարխանյանի աշխատասենյակում գաղտնալսող սարքերը կարող էին նրա կնոջ կարգադրությամբ տեղադրված լինել. լրատվամիջոցներ