Տեղի ունեցավ Գրքի երևանյան առաջին փառատոնի մեկնարկն ազդարարող բարեգործական գրքահավաք․հայտնիները գրքեր նվիրեցին սահմանամերձ Բաղանիսի դպրոցի գրադարանին
«Միրզոյան» գրադարանում այսօր տեղի ունեցավ Գրքի երևանյան առաջին փառատոնի մեկնարկն ազդարարող բարեգործական գրքահավաքը: Հավաքված գրքերը, ազդարարված էր, փոխանցվելու էին սահմանամերձ Բաղանիս համայնքի դպրոցի գրադարանին:
Ժամանակակից, դասական գեղարվեստականից մինչև գիտական, գիտահետազոտական գրականություն․հայտնի դեմքերը՝ արվեստի, մշակութային և այլ ոլորտի հայտնի անձինք անձամբ էին բերել իրենց նախընտրելի գրքերը` նվիրաբերելու սահմանամերձ համայնքի դպրոցին: Ներկաները հավաստում էին՝ կարևոր նախաձեռնություն է։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը իր մակագրությամբ նվիրեց Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի գործերը, Կոստանդ Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը, նշեց, որ կարծում է ընտրել է այն գրքերը, որ պետք է յուրաքանչյուրը կարդացած լինի:
Նա նշեց, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել նախաձեռնությանը միացած բոլոր մարդկանց: «Շատ կարևոր ձեռնարկ է: Կարևոր է ոչ այնքան նրանով, որ պարզապես գիրք ենք հավաքում, այլ կարևոր է նրանով, որ բոլոր նրանք, ովքեր եկել են, և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես, և՛ իրենց աշխատանքով այս նախաձեռնության շրջանակում են»,- ասաց նա:
Մշակույթի նախարարի խոսքով՝ ուրախալին այն է, որ այսօրվա գրքահավաքով ազդարարվում է Գրքի երևանյան փառատոնի բացումը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 24-26-ը:
«Մենք շարունակում ենք պետության աջակցությամբ ժամանակակից գրականության հրապարակման աշխատանքը»,- ասաց նա:
Արմեն Ամիրյանը պատմեց, որ փառատոնի շրջանակներում նախատեսված են ընթերցանության և անտիպ գործերի մրցույթներ, որի ժամանակ լինելու են դրամական պարգևներ: Փառատոնի շրջանակներում լինելու են նաև վարպետության դասընթացներ, ցուցահանդեսներ: Վերջիններիս, ըստ նրա, մասնակցելու են տեղական հրատարակիչները, սակայն մշակույթի նախարարը հույս հայտնեց, որ ցուցահանդեսին աստիճանաբար կմիանան տարածաշրջանային, միջազգային հրատարակիչներ:
Հովհաննես Թումանյանի գրքերն իր մակագրությամբ Բաղանիս համայնքի դպրոցին նվիրած դերասան Նարեկ Դուրյանը նշեց, որ երկար է մտածել, թե ինչ կարելի է նվիրել: «Ընտրածս գրքում ամեն ինչ կա, տարիքային առումով էլ սահմանափակում չկա: Ամեն բան փնտրողը Թումանյանի գրածներում կարող է գտնել»,- ասաց նա՝ նշելով, որ նախաձեռնությունը «հրաշալի» է: «Ես մեկ վայրկյան անգամ չմտածեցի մասնակցելու հարցում»,- ասաց նա:
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն էլ նշեց՝ գրքահավաքին միացել է՝ իր հետ բերելով «իր սիրած, տառապած» թեմաներով գրքերը, որպես պատմաբան կարևորել է փաստավավերագրական, արխիվային նյութերով Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքերի փոխանցումը Բաղանիս համայնքին:
«Գիտակցում էի, որ շատերն իրենց հետ կբերեին գեղարվեստական գրականություն, դրա կարիքը չէր լինի: Որոշեցի՝ սրտիցս պակելով՝ որոշակի արխիվային նյութեր նվիրել Բաղանիսի գրադարանին, որովհետև կարծում եմ, դրա կարիքը շատ կլինի»,- ասաց նա:
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական հաղորդման մեկնաբան Տարոն Կոխլիկյանն էլ որոշել էր Բաղանիսի դպրոցի գրադարանին ժամանակակից գրականություն նվիրել․ընտրությունը կանգ էր առել Ռուսաստանում շատ հայտնի հայազգի ժամանակակից գրող Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի վրա:
«Գրքի հեղինակը ևս սահմանամերձ համայնքից է, գիրքն էլ պատերազմական տարիներին իր համայնքի՝ Բերդի մասին է: Մտածեցի, որ այն ամենահամապատասխան գիրքը կարող է լինել սահմանամերձ Բաղանիսի գրադարանի համար»,- ասաց նա:
Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը նույնպես եկել էր գրքահավաքին: Բայց մինչ միջոցառման կարևորության մասին խոսելը հայտնեց՝ Բաղանիսում հիմա հանգիստ է իրավիճակը, սահմանները ամուր են: «Եվ եթե սահմաններն ամուր են, մենք մտածում ենք կրթության, ուսումնառության, գիտելիքի մասին: Չնայած երբ կրակոցներ էլ են եղել, դասերը միշտ շարունակվել են»,- ասաց նա:
Նշեց, որ Բաղանիսի միջնակարգ դպրոցն ունի այսօր հավաքված գրքերի կարիքը՝ նոր, թարմ գրականություն: «Յուրաքանչյուր գիրք ունի իր ասելիքը, և որքան կրթվես, այնքան կունենաս քո ասելիքը, ավելի գրագետ քաղաքացի կլինես: Դրա կարիքը մենք շատ ունենք»,- ասաց նա նշելով, որ շատ կարևոր է, որ հասարակության ուշադրությունը հրավիրվում է սահմանամերձ համայնքների վրա:
Նշենք, որ նոյեմբերի 24-26-ը կայանալիք Գրքի երևանյան փառատոնն անցկացվելու է առաջին անգամ։ Նպատակը հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելն է, գրող-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը: Փառատոնի 3 օրերի ընթացքում ընթերցասերները հնարավորություն կունենան մասնակցելու գրքի ցուցահանդես-վաճառքի և մի շարք միջոցառումների, որոնք կանցկացվեն Հանրապետության հրապարակի նախկին Կառավարական 2-րդ տանը (ՀՀ ԱԳՆ-ի նախկին շենք):
%20copy.jpg?1511187662660)
%20copy.jpg?1511187678543)
%20copy.jpg?1511187686174)
%20copy.jpg?1511187693006)
%20copy.jpg?1511187713508)
%20copy.jpg?1511187726059)
%20copy.jpg?1511187740499)
%20copy.jpg?1511187751146)










