Ռեժիսոր Ատոմ Էգոյանն իր ձեռքբերումների համար մրցանակ կստանա Հնդկաստանում

14:56 • 20.11.17

Կանադահայ հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ատոմ Էգոյանին Հնդկաստանի միջազգային կինոփառատոնի շրջանակում մրցանակ կշնորհվի կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար, ասվում է միջոցառման պաշտոնական կայքում:

Հայտնի է, որ կինոափառատոնը տեղի կունենա Գոայում: Այն կանցկացվի 48-րդ անգամ ու կտևի նոյեմբերի 20-28-ը:

«Էգոյանի աշխատանքները գնահատվում են տարբեր թեմաներ արծարծելու, զգայականության և տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման համար»,-գրված է կինոփառատոնի կայքում:

Եգիպտոսաբնակ հայերի ընտանիքում ծնված Էգոյանը, իր ծագման մասին տեղեկությունների մեծ մասը ստացել է Տորոնտոյի համալսարանում ուսանելու տարիներին, երբ սկսել է ուսումնասիրել հայկական պատմությունը:

Հայտնի է, որ Էգոյանը 15 լիամետրաժ ֆիլմ է նկարահանել, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանության թեմայով «Արարատ»-ը:

Աղբյուրը նկատում է, որ ժամանակակից կինոռեժիսորների շարքում Էգոյանը համարվում է լավագույններից մեկը: