Հնդիկ կուսակցականը պատրաստ է 1.5 միլիոն դոլար տրամադրել «պատմությունը խեղաթյուրող» ֆիլմի դերասանուհու և ռեժիսորի գլուխների համար
Հնդկաստանում 1.54 միլիոն դոլարի պարգևատրություն են առաջարկել «Պադմավատի» ֆիլմի ռեժիսոր Սանջայ Լիլա Բհանսալիի և բոլիվուդյան դերասանուհի Դիպիկա Պադուկոնի գլուխների համար: Պադուկոնին ֆիլմում կատարել է թագուհի Ռանի Պադմինիի դերը: Այս մասին հայտնում է Channel News Asia-ն:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ նմանատիպ առաջարկությամբ հանդես է եկել «Բհարատիա ջանատա պարտի» (Հնդկաստանի ժողովրդական կուսակցություն) աջական կուսակցության անդամ Սուրաժ Պալ Ամուն: Շարժման ղեկավարությունն արդեն քննադատության է ենթարկել տղամարդու գործողությունները և ներողություն պահանջել նրանից:
Նշվում է, որ Հնդկաստանի մի շարք ծայրահեղ աջ քաղաքական գործիչներ հանդես են եկել քննադատություններով ֆիլմի դեմ, որը, նրանց կարծիքով, խեղաթյուրում է պատմությունը: Քննադատներին զայրացրել է մասնավորապես այն, որ, սյուժեի համաձայն, մահմեդական զավթիչ Ալաուդին Չիրջին ներկայանում է որպես թագուհու սիրեցյալ:
«Պադմավատի» ֆիլմը հիմնված է նույնանուն էպիկական պոեմի վրա, որի համաձայն` 1303 թվականին Հիլջին պաշարել է Չիտոր քաղաքը՝ Պադմինի թագուհուն նվաճելու համար: Լեգենդի համաձայն՝ կինը հրկիզել է իրեն, որպեսզի փրկվի զավթիչից:
Հայտնի է, որ ֆիլմը դեռ դուրս չի եկել էկրաններ. պրեմիերան պլանավորված է անել դեկտեմբերի մեկին: Հնդկաստանի տեղեկատվության և հեռարձակման նախարարությունը նշել է, որ քաղաքական գործիչները բազմաթիվ խոսակցություններ են տարածել ֆիլմի մասին, չնայած ոչ ոք դեռ չի դիտել այն:










