Հայերենն ունի այնքան բառ, որքան երազանք ունի հայ ժողովուրդը (Ա գլուխ)
Հարկ էր ավելի կոպիտ սկսել, բայց մնանք գեղարվեստի շրջանակում. «Հետևեք իմաստունի խորհրդին՝ մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ»։ Բանն Աստված է. երբ բանը Բանից անցնում է՝ մտքի, իմաստների ասուն տարածքն անասնանում է:
Լեզուն անուն է տալիս մեր մտքերին, գործողություններին, ձևակերպում և սահմանում է մեզ, ուստի ամայության բերանն ընկած լեզուն մի մսակտոր է ընդամենը, ինչը լամլամելու ու կուլ տալու համար օտար ժանիք չի պահանջվում: Լեզուն մեր մտապատկերն է, լեզուն այն է, ինչ ենք: Լեզու ներբեռնողը մեր գիտակցությունն է. երբ ուղեղի ֆաբրիկան պարապուրդի է մատնված, գաղափարական արտադրություն չի ծավալվում, կոպիտ ասած՝ ինչ հումքով պետք է աշխատի ընդունող արտադրամասը՝ լեզվական ապարատը: Այլ բան է, որ գիտակցության պատվանդանից ընկածին օտարի աչքն ուտում է: Ու միայն այստեղ է, որ հետևանքի հետ գործ բռնող հանրությունը վերջապես տեսնում է «զուլումը»։ Բայց սևեռուն պուրիտան պետք չէ լինել, նկատելու համար, որ ամենահրեղեն լեզուն էլ չէր դիմանա.
երբ խոսքի հրապարակները բտես դատարկախոսներով, որոնք շեք են արել քաղաքական, հասարակական բոլոր ինստիտուտները և շուրջօրյա ռեժիմով կախվել հանրության ականջից: Հենց ծանծաղ միտքն է լեզուն անապատացնում: Եվ ամենազուլումը.
երբ լեզուն դատապարտված է սպասարկել սուտն ու կեղծիքը, ինքն էլ է ստվում, որովհետև լեզուն նախ՝ վարքաբանություն է:
Լեզուն մտածականի կրիչն է. տես՝ ինչ տեքստերով է ներբեռնվում լեզուն և կիմանաս այդ հանրույթի կամքը, գիտակցությունը, երկրի ուժը: Լեզուն որևէ ժողովրդի համահավաք ստեղծագործությունն է և այսօր անպատիվ, անշնորհակալ գործ է փաստագրել, որ երբեմնի զորեղ լեզուն մահվան նշաններ է ցույց տալիս: Եվ պատճառը միայն այն չէ, որ հասարակական գիտակցությունը , ուրեմն՝ նաև լեզուն հետևողականորեն հրվում է դեպի կենցաղ և նեխում կենցաղային խոսքուզրույցի մեջ: Լեզուն նախ հոգի է և ապա՝ մարմին. լեզուն նյութականացնում է նաև երազանքները: Եվ եթե լեզվակիրներն ունեն այդ երազանքները, լեզուն չի կարող թաքցնել այդ տեսիլքը, լեզուն չի կարող նրանց հետ չերազել: Լեզուն Տեր է: Անգամ ամենախելահեղ մտքին է Տեր:
Լեզուն մեռնում է, երբ դադարում է խոսել երազանքի անունից, երազանքի մտացածին պատկերներով: Իհարկե, առանձին լավատեսներ՝ հենվելով դարավոր փորձի վրա, մեզ աղոտ հույս են փոխանցում, թե լեզուն դարձյալ կարող է ապաստան հայցել գրականությունից և մեկ, երկու երևելու գրչի տակից կրկին հառնել, մաքրվել և ազնվանալ: Բայց սա երեկ էր, երբ չկար թվանշային նոր աշխարհը և գրականության մենաշնորհն էր ստեղծել զուգահեռ, վիրտուալ իրականությունը: Այսպես՝ Կաֆկան ուրիշ մարդիկ, ուրիշ կապեր ստեղծելով կարողացավ այլակերպել իրականությունը, Ջոյսն իր մենախոսությամբ հաջողացրեց մի ամբողջ պետություն ստեղծել, Ֆոլքները, Բորխեսն իրենց թաքնագրերով նոր մարդիկ, նոր զրույցներ ծնեցին ու այլ ռիթմ պարտադրեցին աշխարհին: Մերոնք՝ Աբովյանից մինչև Չարենց, Տերյան, Բակունց ու Մաթևոսյան նախ լեզվակիր էին ստեղծում, որ սրանք ժողովրդից հասարակության վերաճեն և երկիր դառնան:
Սակայն, ցանցային նոր իրականությունը գրականությունից հետևողականորեն խլում է լեզվի պահապան հրեշտակի, մշտարթուն պահակի առաքելությունը: Այսօր տեղեկատվական հեղեղը սպառնում է անգամ ճեղքել մարդու բանականությունը, սրբում, տանում է մարդուն, ուր մնաց գրականությանը մնար իր ճակատաԳԻՐԸ: Կուզես, եղիր ամենաՋՈՅՍԸ:
Իզուր ենք մեզ օրորում, թե մեր լեզուն հավերժական մի արժեք է և չի կարող կորչել կամ մեռնել: Ժամանակի քաղաքակրթական հոսքերին անհաղորդ լեզուն չի կարող երկար տևել: Վահան Տերյանը հանճարեղ է ձևակերպել. «Միայն ժամանակի պահանջներին համապատասխան լեզուն, միայն ժամանակի կուլտուրան ձևակերպելու ընդունակ լեզուն կարող է հնարավորություն տալ ստեղծագործ ուժերին կերտելու ժամանակի ստիլը – այսինքն` լինելու ժամանակի արտահայտիչը, որ միևնույն է, թե արտահայտել իրենց: Չնայած բոլոր տարբեր շեղումներին ու ճյուղավորություններին մտքի ու զգացմունքի աշխարհում, որ պայմանավորված է հասարակական-տնտեսական և կուլտուրական տվյալներով, ամեն ժամանակ իր ընդհանուր ստիլն ունի, արտահայտության իր հատուկ ձևը: Իսկ եթե լեզուն ընդունակ է ժամանակի ստիլը ստեղծագործելու, այսինքն` ժամանակի ոգին արտահայտելու, եթե լեզուն ընդունակ է ժամանակի հասկացողությունների ու զգացմունքների թարգման հանդիսանալու, ուրեմն նա կենդանի լեզու է և դեռ կենսունակ: Ինչպես անհատի հոգեկան ուժերի չափը երևում է այն ժամանակ, երբ նա բախվում է արտաքին աշխարհի հետ, երբ նա հարաբերության մեջ է մտնում ուրիշ մարդկանց հետ, այնպես էլ լեզվի զորությունը երևում է, երբ նա բախվում է ուրիշ լեզուների հետ: Ինքնամփոփ ու վայրի ցեղերի լեզուն, որքան և ուժեղ թվա իր վայրի առանձնության մեջ, անզոր է դառնում, երբ բախվում է ավելի կուլտուրական մի ազգի լեզվի հետ»։
Մեր կյանքն այսօր ֆիզիկական նոր չափումների տիրույթում է՝ իրական և վիրտուալ աշխարհների եզրին, որը ժամ-ժամ լցվում է խելացի իրերով, որոնք խոսում են մեզ հետ և ոչ ամենևին՝ մեր ոսկեղենիկ մայրենիով: Այսօր արդեն արհեստական ինտելեկտը էլեկտրականության պես հասանելի է դառնում ողջ մարդկությանը և կարող է էթնոսֆերայից ջնջել բոլոր այն լեզուները, որոնք չունեն գիտական կապիտալի իրենց բանկերը: Գիտական ոլորտի ամենացածր ֆինանսավորմամբ տարածաշրջանային չեմպիոն հռչակված Հայաստանը պիտի ժամ առաջ իմանա. առաջինը կմեռնեն այն լեզուները, որոնք չեն հաղորդակցվում կամ թույլ են հաղորդակցվում թվանշային նոր իրականությանը, այսինքն՝ չեն խոսում ժամանակի ռիթմով, չեն շոշափում ժամանակի նյարդը, Տերյանի դիպուկ խոսքով՝ չունեն «ժամանակի ստիլը», «կուլտուրական տվյալները»։ Լեզուն բնական երևույթ չէ: Մի այնպիսի ժառանգություն չէ, ասենք մորուց թուխ աչքերի պես, որ ստանում ես ու անկախ նրանից, խելացի ես, թե՝ խև, այդ գույնն անբաժան է քեզնից: Խևին խրատը /լեզուն/ ինչ անի: Լեզվի դեպքում անգամ ծնողների լեզվական ինքնությունը գործուն ազդեցություն չունի: Որքան էլ խորը և իմաստալից լինի նրանց կապն ու հողորդությունը, միևնույն է, մարդը մտածում և խոսում է ոչ թե իր ծնողների լեզվով, այլ՝ այն հասարակության, որին պատկանում է: Ասել է թե՝ լեզվի լինելիության առաջին պայմանը գիտակից միտքն է և այն կրող առողջ հասարակությունը: Լեզուն մեռնում է.
երբ դադարում է ստեղծել նոր իմաստներ, նոր տեքստեր ու բառեր, նոր կապեր ու հաղորդակցական նոր ուղիներ:
երբ տարածքը հետևողականորեն դատարկվում է լեզվակիր հասարակությունից: Չկա լեզու առանց հասարակության և չկա անլեզու հասարակություն:
երբ լեզվակիրները չեն ստեղծում երեկվանից ավելի առաջանցիկ կրթական, գիտական ու մշակութային տեքստեր: Լեզուն անիմաստ, զուտ իներցիայով երկար բանել չի կարող:
երբ լեզվի հայրենիքը հայտնվում է մի վերնախավի ձեռքում, որն իր մտածողությամբ, արժեքներով, առավել ցածր է լեզվակիր հանրությունից: Ցածրակարգ բնազդների շրջանառության համար մարդկային որևէ լեզու մեծ շռայլություն է. հակառակ դեպքում՝ կենդանական աշխարհում նշանային այլ համակարգեր չէին գործի: Լեզուն մարդու ստեղծագործությունն է:
երբ զանգվածային հախուռն պնդումները երկրի երեսից ջնջում են մասնագիտական խոսքը, գիտելիքը, ապա և՝ ամբողջական մասնագիտական ընտրախավեր: Բոլոր ձայները չէ, որ վերածվեցին բառերի, ըստ այդմ էլ՝ հայերեն բառերի ու նախադասությունների արձակած ձայները չեն վերածվելու լեզվի: Լեզուն ապրում է, երբ նյութականացնում է մասնագիտական, փաստարկված, ծանրակշիռ խոսքը: Ճամարտակություններին պատանդ, նույն մտքերի շուրջկալում հայտնված լեզուն վաղ թե ուշ դախանում և համրանում է, մեծ գրողի դիպուկ խոսքով՝ «մեռնում է քրջի բազարում»:
Իսկ մենք մեր վարքաբանությունը թողած՝ մեր լեզուն ենք հրապարակ քաշել, ցցի հանել ու խևուխելոքով, մեծուփոքրով փիքր ենք անում, թե՝ էս ինչ է եկել, ընկել մեր բերանը. թրով, թվանքով վեր են կացել լեզվի վրա՝ նրա հաստուբարակը, կարճուերկարը, հերումերը…չոբանահաշիվ են անում, թե քանի բառ ունի հայերենը: Կարծես Մորզեի այբուբենն է, որ կետագծերը հաշվեն ու թիվ հայտարարագրեն: Հայոց լեզուն այնքան բառ ունի, որքան մտքի ու զգացմունքի զորություն ունի հայ ժողովուրդը: Լեզուն քննելի է արմատներով, որոնց թիվը հայերենում հասնում է շուրջ 11 հազարի /Տես Հ.Աճառյան, Արմատական բառարան/։ Այդ 11 հազար խորը, զորավոր արմատներից յուրաքանչյուրը հազարավոր բառեր կարող է ծնել, ճյուղավորել, գոյացնել նոր բառակազմեր ու տերմիններ: Եվ եթե չենք ուզում, որ լեզվաբանության մեր տիտանները շուռ գան իրենց գերեզմաններում, պետք է մեկընդմիշտ դադարեցնենք կոնկրետ գիտակարգերի շուրջ ծավալվող տնայնագործական զրույցները. ոչ մասնագիտական դիսկուրսն առնվազն այլասերում է նյութը, փոշիացնում թեման: Հիշենք՝ հայոց լեզուն այնքան բառ ունի, որքան երազանք ունի հայ ժողովուրդը: Իսկ երազանքը միշտ ունի լեզու, երազողից անհնար է լեզու խլել:
P.S - Հաջորդիվ կներկայացնենք թվանշային նոր իրականության մեջ հայոց լեզվի ազդեցությունը խթանող շարժեր: Հրաշալի կլինի, որ մասնագիտական շրջանակն իր պլատֆորմով ժամ առաջ արձագանքի թեմային:
ՎԱՐԴուհի Սիմոնյան










