Ումա Թուրմանը խոստովանել է, որ Հոլիվուդում սեռական բռնության ենթարկված «զոհերից» մեկն է

13:11 • 24.11.17

Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Ումա Թուրմանը, խոստովանել է, որ «հաճույք է ստանում» ազդեցիկ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ ծագած սեսքուալ սկանդալից, քանի որ տասնյակ կանանց բռնաբարության համար մեղադրվող պրոդյուսերը «արժանի է դրան»:

«Ուրախ եմ, որ այս ամենը շատ դանդաղ է ընթանում. նա արժանի չէ արագ պատժի»,-դերասանուհու խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Թուրմանը, որ Վայնշտեյնի հետ համագործակցել է 7 ֆիլմի՝ այդ թվում նաև «Սպանել Բիլին» կինոնկարի շրջանակում, խոստովանել է, որ ինքը Հոլիվուդում սեռական բռնության «զոհերից» մեկն է:

Այնուհանդերձ, նա չի հստակեցրել՝ անձամբ Վայնշտեյնի կողմից է բռնության ենթարկվել, թե ոչ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին  ծագած սեքսուալ սկանդալից հետո, Հարվի Վայնշտեյնը հեռացվել է Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիայից: Նրա անդամակցության ավարտի մասին որոշումը կայացվել է կինոակադեմիայի արտահերթ խորհրդակցության արդյունքում, որին ներկա են գտնվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Թոմ Հենքսը, Քեթլին Քենեդին և Վուպի Գոլդբերգը:

Այս քայլով վերջնական հարված է հասցվել Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերի կարիերային, որին ավելի վաղ ժամանակավորապես հեռացրել էին իր իսկ հիմնած Miramax և Weinstein Company ընկերություններից:

Վայնշտեյնի անդամակցությունը դադարեցրել է նաև BAFTA բրիտանական կինոակադեմիան:

Ամերիկյան կինոակադեմիայից նշել են, որ այս որոշումը կայացրել են կինոարվեստում ամոթալի վարքին և սեռական ոտնձգություններին վերջ դնելու նպատակով։

Ումա Թուրմանը խոստովանել է, որ Հոլիվուդում սեռական բռնության ենթարկված «զոհերից» մեկն է