Սա իրեն իր երկրի տեր ու քաղաքացի լիարժեք զգացող գրողի վեպ է․ տեղի ունեցավ Հ. Երանյանի «Մեղքի պարան» գրքի շնորհանդեսը
Պարզ վեպ է բարդ բաների մասին․«Yerevan Book Fest»-ի շրջանակներում տեղի ունեցած Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» գրքի շնորհանդեսի ժամանակ այսպես ասաց գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Վեպը կհուզի մարդկայնորեն, բայց միևնույն ժամանակ խորհրդածելու լիքը տեղիք կտա՝ գնահատելու մեր ժամանակը, գնահատելու մեր ժամանակների մարդուն, որովհետև այնուամենայնիվ վեպի ելակետն այն է, թե ինչպես են կործանվում ճակատագրերը՝ միմյանց չհասկանալու, մի պահ իրարից հեռու գտնվելով՝ իրար փոխկանչը չլսելու արդյունքում: Վեպը ընդհանրապես բարձրացնում է մեր հասարակությանը հուզող մի շարք հարցեր, բազմաթիվ ցավագին հարցեր՝ դրանք բանակի խնդիրներն են, բանակում տեղի ունեցող ամենատարբեր պատահարների մասին է, որոնց պաշտոնական այլ պարզաբանումներ են տրվում, իրականությունը ցույց տալու միտումն է, որի արդյունքում այս վեպը բարձրանում է սովորական վեպ լինելուց»,- ասաց նա:
Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ «Մեղքի պարանը» վեպը է, որից կարելի է սովորել․ ինչպես մատը դնել իրադարձության զարկերակի վրա, բայց չմնալ լրագրողական նյութի մակարդակի վրա, ինչպես մատը դնել այդ օրվա զարկերակի վրա և այնքան ընդհանրացնել նյութը, որ վեպը կարդացվող լինի և՛ վաղը, և՛ մյուս օրը:
«Սա քաղաքացիական դիրքորոշում ունեցող, իրեն իր երկրի տեր ու քաղաքացի լիարժեք զգացող գրողի վեպ է, ով գիտի, որ սա գիրք չէ կարդալու համար, սա գիրք է, որը կարող է ուրույն ձևով ինչ-որ քայլ դնել մեր պետականության, մեր երկիրը, մեր հասարակությունը ավելի լավը տեսնելու և ունենալու ճանապարհին»,- ասաց նա:
Վեպի հերոսները, ըստ խմբագրի, հայտնի մարդիկ են, սակայն նրանց անուններն են փոխված, շատերը հավաքական կերպարներ են ներկայացնում: Վեպում որպես իրական հերոս հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն է․ նրա անունը հեղինակը գրքում թողել է:
Գիրքը գրելու մտքի մասին պատմեց հենց հեղինակը՝ Հովհաննես Երանյանը: Նա նշեց, որ վեպը գրել իրեն մղել է իր ընկերոջ որդու սպանությունը բանակում:
«Ընկերոջս որդու ցավը ես այնքան սեփականացրի, որ ամիսներ հետո տեսնում էի, որ չեմ կարող որևէ բան չգրել այդ մասին: Ընկերոջս որդու անունը Տիգրան էր, և մտքովս անցավ՝ գուցե նա մեր հաջորդ Տիգրան Մեծն էր, ինչո՞ւ սպանեցինք, ինչո՞ւ ենք առհասարակ մենք խժռում մեր զավակներին, մեր որդիներին, մեր եղբայրներին, մեր թագադրված թագավորներին, ինչո՞ւ ենք մենք սպանում, ինչո՞ւ ենք հոկտեմբերի 27 անում ... մի խոսքով՝ այս մտածումները համատեղվեցին, տեսա, որ պատմվածքի տարածքը նեղ է գալիս»,- ասաց նա՝ հավելելով, որ այդպես էլ իր գրածը վեպ դարձավ:
Հեղինակի խոսքով՝ հետո վեպը դրվագից էլ ընդլայնվեց, գրածում փորձեց ներկայացնել իր մտորումները՝ ինչպես է ցանկանում տեսնել երկիրը, ի՞նչ է անում մեզնից յուրաքանչյուրը, որ տեսնենք մեր ցանկացած երկիրը կամ գոնե մեր սերունդներին ժառանգենք հույսը, որ ունենալու ենք ավելի լավ երկիր, հզոր երկիր, որտեղ հասարակ մարդն իրեն լավ զգա:
«Գրում եմ՝ գրչիս մեջ թանաքի փոխարեն արյուն ունենալով, այսինքն՝ շատ եմ նյարդով գրում: Այն, ինչ գրում եմ, վերապրում եմ, որովհետև բոլոր գրվածքներիս հիմքում կենսափորձս պետք է անպայման ներկա լինի»,- ասաց նա՝ նշելով, որ այս վեպն էլ շատ ցավով է գրել, երկար-երկար ընդմիջումներ տալով:
Վեպը «Մեղքերի պարան» վերնագրելու պատճառի մասին էլ խոսեցՀովհաննես Երանյանը: Նշեց, որ չնայած վերնագրի տարբերակները շատ էին, բայց կանգ առան նշվածի վրա: «Պարան» բառով էլ, ըստ նրա, նկատի է ունեցել մեր մեղքերի շարանը, ինչպես լվացքի պարանին, այնպես էլ իր գրվածքի դեպքում, պարանին տեսնում է մեր մեղքերը կախված:
«Բոլորիս մեղքն է այդ պարանից կախված, թող որևէ մեկը չասի, որ այս երկրի ներկա վիճակի համար ինքը մեղավորություն չունի»,- ասաց նա:











