Ջիգարխանյանի նախկին կինը նրան «երկար ու տանջալի մահ» է մաղթել, բայց նաև թույլ է տվել ապրել իր տանը. «Комсомольская правда»
Երեկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ու նրանից 44 տարով երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դատարանի վճռով ամուսնալուծվել են:
Ինչպես նշում է kp.ru-ն, ուկրաինացի դաշնակահարուհին, որը յուրացրել է Ջիգարխանյանին պատկանող երեք բնակարանն ու նրա բոլոր խնայողությունները, արդեն ապագայի ծրագրեր է կազմում` երազելով գտնել իր կեսին ու մայրանալ: Ինչ վերաբերում է 82-ամյա նախկին ամուսնուն, ապա երբեմնի սիրող և հոգատար Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նրան մաղթել է ամենավատը:
Այս մասին «Новые русские сенсации» հաղորդման շրջանակում պատմել է Ջիգարխանյանի նախկին կինը՝ դերասանուհի Տատյանա Վլասովան, որի հետ դերասանն ապրել է ավելի քան 50 տարի: Վլասովայի փոխանցմամբ՝ վերջերս ինքը զրուցել է Վիտալինայի հետ ու իմացել, որ 38-ամյա դաշնակահարուհին նախկին ամուսնուն «երկար ու տանջալի մահ է մաղթում»:
Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Մազուրը հայտնել է, որ նախկին կինը պատրաստ է իր բնակարանում ընդունել Ջիգարխանյանին, քանի որ հասկանում է՝ դերասանն այժմ գնալու տեղ չունի:
Մազուրն ընդգծել է, որ հայ ընկերների կողմից Ջիգարխանյանին նվիրաբերված բնակարանի մասին տեղեկությունները կեղծ են:
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ նախկին կինը չի պատրաստվում Ջիգարխանյանին հանել բնակարանի գրանցումից ու պատրաստ է հյուրընկալել նրան:
Հայտնի է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան այժմ մտադիր է Փարիզ մեկնել, քանի որ միանգամից մի քանի աշխատանքային հրավեր է ստացել:
Ավելի վաղ դերասանի մտերիմ ընկեր, գործարար Արթուր Սողոմոնյանը պնդել էր, որ Վիտալինան Ջիգարխանյանին հոգեմետ դեղամիջոցներ է տվել, որպեսզի կարողանա հեշտությամբ յուրացնել նրա ունեցվածքը:
«Հունիսին նա Ջիգարխանյանից ստացել էր լիազորագրեր ու կտակը: Իսկ երբ նա հիվանդանոց է տեղափոխվել (հոկտեմբերին –Tert.am), ստացած լիազորագրերի ու Ջիգարխանյանի անձնագրի միջոցով նրա հաշվից հանել է բոլոր խնայողությունները»,-պատմել էր Արթուր Սողոմոնյանը՝ հավելելով, որ այժմ իրենք պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ ամուսինների շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ խոշոր վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող», «սրիկա» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը՝ այդ թվում նաև 3 բնակարանը յուրացնելու համար:
Բացի այդ, Ջիգարխանյանը կնոջը հեռացրել է իր իսկ հիմնած դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է Ռուսաստանից՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ:
Ավելի վաղ իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը պատմել է, որ Ջիգարխանյանի հիմնած ու նրա անունը կրող դրամատիկական թատրոնը 2 տարի ղեկավարելու ընթացքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թատրոնից օֆշորներ է տեղափոխել մոտ 80 մլն ռուբլի:










