Լեզուն մեռնում է, երբ դադարում է ստեղծել նոր իմաստներ (Բ գլուխ)
Մեծ հանդգնություն է պետականությամբ պաշտպանված լեզվի մասին իր իսկ այբուբենով գրել՝ հայոց լեզուն մեռնում է: Բայց սա գրվեց այս հոդվածի Ա գլխում, և այդ գլուխը չջախջախվեց: Զարմանալի է, որ սոցիալական հարթակներում լայնորեն տարածվող նյութը քարկոծելու փորձ չարեց ոչ միայն մասնագիտական շրջանակը, այլև՝ իրեն մայրենիի պաշտպան հռչակած մաքրամոլների մատյան գունդը: Նրանք, որ օրնիբուն մագլցում են մեդիահրապարակներ և տիեզերական շիվան բարձրացնում «Լեզվի պետական տեսչության» պես ամուլ, խեղճուկրակ մի հիմնարկ կողպելու կապակցությամբ: Կարելի է կարծել, թե գլոբալացվող աշխարհի՝ լեզվին նետած բոլոր մարտահրավերները կարող էր օդում բռնել այր մի Սերգո Երիցյան իր 10-ը հոգանոց գերհզոր բանակով, բայց վրա հասան լեզվակործան, հայատյաց ուժերը և գրավեցին հայոց լեզվի վերջին բաստիոնը:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ստորաբաժանումը տեղով մեկ քամահրանք էր պետական լեզվի նկատմամբ. այդ ի՞նչ քաջագործություններ էր սպասվում բարձրագույն խորհուրդ չունեցող և ուրեմն՝ սեփական որոշումներ կայացնելու անունակ մարմնից, և ինչպե՞ս կարելի էր սույն անունակին լիազորել հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից: Այն դեպքում, երբ լեզվի տեսուչն անգամ պետավտոտեսուչի լիազորություն չուներ, որ իրավախախտին տեղում բռնացներ ու տուգաներ: Կամ պատկերացրեք իրավիճակի կոմիզմը, երբ լեզվի տեսչությունից գնում են մեր պաշտոնյաների դուռը և վերջիններիս հորդորում՝ անաղարտ պահել մայրենին, այն դեպքում, երբ մեր կառավարիչների մեծամասնությունն ուղղակի չի տիրապետում հայոց լեզվին. Վանոյի դիպուկ խոսքով՝ «Այնպես, ինչպես իր տգետ ու ապօրինածին կառավարիչներն են տնքում ամեն հայերեն բառը արտասանելու վրա, այդպես տնքում է հայերենը Հայաստանում։ Այդպես, իր վիճակը արտահայտող բառ գտնելու ջանքից պապանձվում է Հայաստանը»։
Լեզուն պետական դիսցիպլին է: Լեզվի վիճակը մատնում է պետության, պետական մտածողության մակարդակը: Թշվառ իրականության լեզուն թշվառականի լեզուն է, գիտակցական ցածր կոդերը սպասարկվում են նշանային ցածրակարգ համակարգերով: Ուստի, մեր իրականությունը վերարտադրելու համար ժարգոնը լիուլի բավարար է. չկա նոր տեքստ, չկա նոր լեզու: Ժարգոնային թափոնը կուտակվում է այնտեղ, ուր չկա ազատ ու արժանապատիվ ապրելու բավարար կամք: Ժարգոնը հենց ծառայամիտների լեզուն է, կամազուրկ մարդկանց լեզուն:
Լեզվի բաղադրույթը, նրա բառակազմն ու ռիթմը կփոխվի, եթե իրավիճակը պատկերող, նկարագրողական հին տեքստերը փոխարինվեն ելքային շարադրանքով: Այսինքն՝ լեզուն պիտի աշխատի գիտական մտքի հետ և հանրային ականջը հեռու պահի զավզակություններից: Գիտությունից կապը կտրած լեզուն դատապարտված է կաթվածի. հին արյունը սառչում է լեզվի երակներում, երբ լեզուն սողում է միայն հարթ մակերեսների վրա: Կթմրի այն լեզուն, որը չի ստանում երեկվանից ավելի բարդ առաջադրանք. լեզուն ծերանում է, երբ դուրս չի գալիս ամենօրյա մարզանքի ՝ հաղթահարելու նորանոր իմաստներ:
Անշուշտ, նոր գիտակարգերն այսօր կատաղի արագությամբ աճում և բազմանում են՝ լեզուների համար ստեղծելով ահռելի քանակությամբ տերմինաբանական աշխատանք: Բայց տերմինակերտումն այն բնագավառը չէ, որը կարելի է թողնել ամենաերևելի մասնագետի խղճին կամ, թեկուզ, մի ամբողջ մասնագիտական համայնքի դատողությանը: Լեզվի նկատմամբ պետական վերաբերմունք ունեցող երկրներում բավականին ներկայացուցչական կազմով պետական հաստատություններ են գործում, որոնք ամեն մի նորաբանություն անցկացնում են հանրային քննարկումներով և ապա՝ օրենքի ուժով լեզու ներմուծում այդ փոխառություններն ու նոր բառամթերքը:
Պատկերացնել կարելի է, թե հայոց լեզուն ինչ քաոտիկ ներբեռնումներ կունենար, եթե չլիներ երբեմնի հզոր «Տերմինաբանական կոմիտեն»: Այսօր, երբ լեզուները չունեն մշակութային նախկին հարմարավետությունը և ստանում են նորանոր սպառնալիքներ, երբ կա կապերի թուլացման, ինքնության կորստի միտում, ապշել կարելի է, որ մեր լեզուն, առանց պետական պաշտպանության, գցել ենք ցանցային այս հարահոսի բերանը: Այս պայմաններում, բնավ էլ պետք չէ զարմանալ, թե ինչպես է ստացվել, որ տեղից վեր կացողը տերմինաշինական իր դուքանն է բացել, իր անձնական օգտագործման ուղղագրությունն ու ուղղախոսությունն ունի, իսկ Մայր Աթոռից շարունակվում են ստացվել տրանսլիտով հաղորդագրություններ: Խիստ օրինաչափ էր, որ բանավոր խոսքում կուտակված մեծաքանակ աղբը գիր պիտի սողոսկեր, որովհետև միշտ էլ բանավոր խոսքին հաջորդում է գրավորը: Բայց այսպես մեր լեզուները կխառնվեն, և կգա մեծ խառնակչությունը. երբ բառերը կորցնում են իրենց նշանակությունը, աշտարակները փուլ են գալիս մարդկանց գլխին:
Իհարկե, երբ չկա չափ տվող պետական ձեռքը՝ լեզուն այլասերվում է: Միայն մեր բառակազմ ժամանած անհեթեթ թարգմանությունները բավարար էին մի ամբողջ հայոց լեզու ապականելու համար: Բոլոր տերմինները հայաֆիկացնելու մոլուցքն արդեն անսանձահարելի է դարձել: Բայց ի՞նչ մեղք է օտար լեզվից բառ վերցնելը, եթե քո լեզվում չունես դրա փոխարժեքը. եվրոպական լեզուները հազարավոր բառեր են փոխառել հունարենից ու լատիներենից: Եվ դա բնական է, որովհետև միջին դարերում հենց այդ երկուսն ունեին միջազգային լեզուների համարում: Նույն ռուսերենն էլ է մեծապես ազդվել այդ լեզուներից, հետագայում հարյուրավոր բառեր ներմուծել գերմաներենից, անգլերենից, ֆրանսերենից, իտալերենից: Մերձավոր Արևելքի մի շարք լեզուների համար նույն դերն է կատարել արաբերենը: Բայց այս լեզուները չեն ուծացել չէ՞: Հայերս էլ 5-րդ դարից սկսած՝ թե՛ թարգմանությամբ և թե՛ փոխառություններով հարստացրել ենք մեր լեզուն. հետագա դարերում, օրինակ՝ արաբական 702 բառից ընդամենը 53-ն է պահպանել մեր լեզուն: Եվ սա բնական է՝ լեզուն կյանքն է պատկերում. փոխվում է կյանքը, փոխվում է լեզուն:
Սենսացիոն է հնչում, բայց լեզվաքաղաքականությունն այսօր դուրս է պետական հսկողությունից, այն դեպքում, երբ դա հենց պետության մենաշնորհն է: Այսօր որևէ ոլորտ, գիտական որևէ բնագավառ չունի մշակված մասնագիտական լեզու, եզրույթները «հայացվում» են ոչ գիտական մոտեցմամբ, հրապարակվող գրավոր խոսքը լի է աղաղակող սխալներով: Սա ոչ այլ ինչ է, քան իսկական լինգվիցիդ (լեզվասպանություն):
Այս հոդվածի Ա գլխում մենք մասնագետներին խնդրել էինք ներկայացնել թվանշային նոր իրականության մեջ հայոց լեզվի ազդեցությունը խթանող շարժեր, որոշակի պլատֆորմներ: ՏՏ ոլորտի ներկայացուցիչները բավականին լուրջ առաջարկներով հանդես եկան՝ պնդելով.
որ նախ պետք է սկսել դպրոցից, ուր դեռ կավիճով են գրում գրատախտակին և սովորում են դարն ապրած դասագրքերով ու ուսուցիչներով: Այսօր արդեն դպրոց չի կոչվում այն հաստատությունը, որը չունի IT լաբորատորիա, էլեկտրոնային գրադարաններ, ռոբոտաշինության դասեր, իսկ դասագրքերն ու դասապրոցեսը թվայնացված չեն:
որ պետք չէ ազգովի գլուխ կոտրել, թե որը պետք է լինի մեր երկրորդ լեզուն: Որովհետև աշխարհը վաղուց պատասխանել է այդ հարցին՝ դա Python ծրագրավորման լեզուն է՝ Google-ի, Yahoo-ի, IBM-ի լեզուն: Իսկ այդ լեզուն ինքը կհուշի, թե որ լեզուն է ավելի հեշտ խոսում իր հետ:
որ Հայաստան ներմուծված բոլոր սարքերը պետք է պարտադիր ունենան հայերեն ինտերֆեյսեր և սոցիալական ցանցերում կտրուկ կնվազի տրանսլիտը:
որ պետք է ստեղծել հայալեզու տեխնիկական գրականություն, ստարտափ ֆիլմեր, գրքեր ու հետաքրքիր տեսանյութեր:
որ համացանցը գլոբալ աշխարհի բանականությունն է, և ժամանակն է վիրտուալ տարածքը հեղեղել փոքր ու միջին բիզնեսի նորագույն նախագծերով և վերջ դնել հայկական ֆեոդալիզմին:
որ մենք կարող ենք գրել Grammarly հավելվածի հայկական տարբերակը, որ հնարավոր լինի հայերեն որևէ բովանդակություն ճշգրիտ ուղղագրությամբ և ավելի ճկուն գործիքներով փնտրել:
որ պետք է ստեղծել հասարակության նոր երազանքներ, հետաքրքրություն նորագույն մասնագիտությունների նկատմամբ, որովհետև հին մասնագիտություններով հնարավոր չէ ապրել 21-րդ դարում:
Մեզ արձագանքել էին ՏՏ ընտրախավի հայտնի դեմքեր՝ Microsoft Armenia-ի տնօրեն Արտաշես Վարդանյանը, Online Kodak-ի հիմնադիր, Նախագահի մրցանակակիր Ջանիկ Սևոյանը, X-Tech Creativ Studios-ի տնօրեն Արման Աթոյանը, Lokalz ընկերության հիմնադիր Արտավազդ Սոխիկյանը և ընդամենը 14 տարեկան Արսեն Կարապետյանը, որն այսպես խոսեց. «Երբ օրինակ՝ Իրանում առաջին անգամ սկսեցին օգտվել բջջային հեռախոսներից, դեռ պարսկերեն հաղորդագրություններ գրելու հնարավորություն չկար: Բայց երբ պարսկերեն լեզուն հայտնվեց բջջայիններում՝ Իրանի կառավարությունը մի շատ ճիշտ քայլ արեց՝ պարսկերեն լեզվով հաղորդագրությունների գինը 5 անգամ իջեցրեց, և ոչ մեկը լատինատառ էլ չէր գրում»: Կեցցե՜ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը:
ՎԱՐԴուհի Սիմոնյան










