Ջեյ Զին խոստովանել է, որ դավաճանել է Բեյոնսեին

15:41 • 30.11.17

Ամերիկյան հայտնի ռեփեր Ջեյ Զին իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է այն, ինչի մասին մոտ մեկ տարի առաջ գրում էին գրեթե բոլոր արևմտյան լրատվամիջոցները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 47-ամյա ռեփերն ասել է, որ դավաճանել է կնոջը՝ երգչուհի Բեյոնսեին, ինչից հետո իրենք հայտնվել են ամուսնալուծության շեմին:

Պարբերականը հիշեցնում է, որ երբ նախորդ տարի Բեյոնսեն ներկայացրեց «Lemonade» ալբոմը, երգերից մեկի միջոցով փորձեց ակնարկել, որ Ջեյ Զին իրեն դավաճանել է ոմն «Բեքիի» հետ: Դրանից հետո Ջեյ Զին ներկայացրեց «4:44» ստեղծագործությունը, որում ներողություն էր խնդրում իր 2-րդ կեսից: Այդ ամենը հիմք հանդիսացավ միլիոնավոր երկրպագուների ու լրատվամիջոցների համար ենթադրելու, որ Ջեյ Զին իսկապես դավաճանել է: Այնուհանդերձ՝ ամուսինները երբևէ հրապարակավ չեն խոսել այս թեմայի շուրջ: Սակայն նոր հարցազրույցում Ջեյ Զին անկեղծացել է:

«Երբեմն ստիպված ես լինում կյանքի գոյատևման համար պայքար մղել: Երբ սկսում ես այդպես ապրել, փակում ես զգացմունքները շրջապատի՝ այդ թվում նաև կանանց համար: Չես կարողանում բացվել ու ընդհանուր լեզու գտնել, ինչի հետևանքով կորցնում ես կապը նրանց հետ: Իմ դեպքում ամեն ինչ ավելի լուրջ էր, ու հենց այդտեղից էլ գալիս էին դավաճանությունները»,-պատմել է ռեփերը:

Նա նաև նշել է, որ ինքն ու կինը երգերի միջոցով են արտահայտել այդ բարդ շրջանի վերաբերյալ իրենց հույզերը: Ջեյ Զիի խոսքով՝ արվեստն ու երաժշտությունն իրենց համար յուրօրինակ հոգեթերապիա դարձան՝ օգնելով գիտակցել սխալներն ու խուսափել բաժանումից:

«Մենք հայտնվել էինք փոթորկի էպիկենտրոնում՝ մի վայրում, որտեղ ամենասուրն ես զգում ցավը: Մեզ համար դա անհարմար իրավիճակ էր, սակայն մենք շատ էինք խոսում մեր խնդիրների մասին: Գիտեք՝ ես շատ եմ հպարտանում Բեյոնսեով: Մարդկանց մեծ մասը խնդիրների առաջ է կանգնում ու բաժանվում, քանի որ չի կարողանում իրեն կողքից տեսնել: Ամենադժվարն այն գիտակցումն է, որ ցավ ես պատճառում մարդուն»,-նշել է Ջեյ Զին:

Հարցազրույցի ժամանակ նա նաև խոսել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ հարաբերությունների ու նրանց միջև տեղի ունեցած վեճի մասին՝ ընդգծելով, որ անկախ ամենից՝ եղբոր պես սիրելու է Քանյեին:

Ջեյ Զին խոստովանել է, որ դավաճանել է Բեյոնսեին