«Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմի թրեյլերը նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

15:35 • 01.12.17

Ամերիկացի ռեժիսոր եղբայրներ Էնթոնի և Ջո Ռուսոների «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմի թրեյլերը նոր ռեկորդ է սահմանել՝ 24 ժամում հավաքելով մոտ 230 միլիոն դիտում, ինչը նոր նվաճում է համարվում:

Ինչպես նշում է Entertainment Weekly-ն՝ հղում անելով Marvel ընկերությանը, նախորդ ռեկորդակիրն էր ռեժիսոր Անդրես Մուսկետիի՝ 2017 թվականին էկրաններ դուրս եկած «Այն» սարսափ ֆիլմի թրեյլերը, որը հրապարակվելու առաջին օրը հավաքել է 197 միլիոն դիտում:

Հայտնի է, որ «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմն էկրաններ դուրս կգա 2018 թվականին: Ֆիլմի սցենարը հիմնված է Սթեն Լիի և Ջեք Քյորբիի կոմիքսների վրա, որոնք լույս են տեսել Marvel Comics-ում: Սա Marvel ընկերության կինեմատոգրաֆիկ տիեզերքի տասնիներորդ ֆիլմն է:

Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Դաունի Կրտսերը, Սքարլետ Յոհանսոնը, Բենիսիո Դել Տորոն, Վին Դիզելը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Բրեդլի Կուպերը, Ջոշ Բրոլինը, Մարկ Ռուֆալոն, Թոմ Հիդլսթոնը, Կրիկ Էվանսը, Քրիս Հեմսվորթը և այլ հայտնի դերասաններ:

Սյուժեի համաձայն՝ վրիժառուները միավորում են իրենց ուժերը Գալակտիկայի պահապանների և այլ հերոսների հետ՝ Տանոսի հետ պայքարելու համար, որը փորձում է հավաքել անվերջության քարերը:

 

 

 

 

«Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմի թրեյլերը նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)