Հայտնի դերասանուհի Ջուդի Դենչը կորցնում է տեսողությունը

17:32 • 01.12.17

Բրիտանացի դերասանուհի Ջուդի Դենչը, որն առավելապես հայտնի է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից, խոստովանել է, որ տառապում է տեսողության աստիճանական կորստից: Դերասանուհու խոսքով՝ ինքն արդեն չի կարողանում ֆիլմեր դիտել: Այս մասին նա ասել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում անցկացվող կինոփառատոնի ժամանակ:

Դենչի խոսքով՝ ինքը կինո է գնում ընկերոջ հետ, որը պատմում է՝ ինչ է տեղի ունենում էկրանի վրա:

«Սակայն ես շատ բաներ եմ բաց թողնում, և սա այնքան էլ զվարճալի չէ», - մեջբերում է The Guardian-ը դերասանուհու խոսքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 82-ամյա դերասանուհու մոտ մակուլոդիստրոֆիա է ախտորոշվել: Սա հիվանդություն է, որի հետևանքով ախտահարվում է աչքի ցանցաթաղանթը և խախտվում կենտրոնական տեսողությունը:

Նշվում է, որ կինոփառատոնի ժամանակ Դենչին շնորհվել է Քիրկ Դուգլասի անվան մրցանակ՝ կինեմատոգրաֆում ունեցած հաջողությունների համար: