Սաակաշվիլին բարձրացել է 8-հարկանի շենքի տանիք ու սպառնում է ցած նետվել (տեսանյութ, թարմացվում է)
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որը ներկայում գլխավորում է «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը, բարձրացել է 8-հարկանի բնակելի շենքի կտուր ու սպառնում է այնտեղից ցած նետվել:
Ինչպես նշում է ria.ru-ն՝ դեպքի վայրից հաղորդող ուկրաինական լրատվամիջոցներին հղումով, քաղաքական գործիչը նման քայլի է դիմել, երբ ուժայինները եկել են նրա բնակարան ու խուզարկություն սկսել:
«Այժմ Սաակաշվիլին գտնվում է կտուրում ու բանակցում է իրավապահների հետ: Աղմուկ է լսվում: Քաղաքական գործիչն ասում է, որ եթե իրեն դիպչեն, ինքը ցած կնետվի կտուրից: Շենքի մոտ են ժամանել փրկարարներն ու բժիշկները»,-հայտնում է լրատվամիջոցներից մեկը:
Հաղորդվում է նաև, որ Սաակաշվիլիին ձերբակալելու փորձ է արվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները քաղաքացիությունից զրկել էին Սաակաշվիլիին, սակայն նա աջակիցների օգնությամբ կարողացել էր ճեղքել սահմանապահների կազմած շղթան ու Լեհաստանի տարածքից կրկին Ուկրաինա էր վերադարձել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










