Ուկրաինայի դատախազությունը հրապարակել է Սաակաշվիլիի կաշառվածության «ապացույցները». Կրեմլը «հետաքրքրությամբ հետևում է» զարգացումներին
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրապարակել է աուդիո և տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կազմակերպած ակցիաների ֆինանսավորումը, հայտնում է LIGA.net-ը:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, վկայակոչելով ձայնագրությունները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «պետական իշխանության գրավման համար» կազմակերպված բողոքի ակցիաները մասամբ իբր հովանավորել է Վիկտոր Յանուկովիչի շրջապատից փախուստի մեջ գտնվող օլիգարխ Սերգեյ Կուրչենկոն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Կրեմլը «հետաքրքրությամբ հետևում է» Կիևում Սաակաշվիլիի ձերբակալությանը:
Նա, մեկնաբանելով ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ «դա Ուկրաինայի գլխացավն է, ինչը թշնամուն էլ չես ցանկանա»:
«Մենք հետաքրքրությամբ հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին: Իհարկե, դա Ուկրաինայի գլխացավանքն է, նման բան երևի թշնամուն էլ չես ցանկանա, ես այդպես կասեի: Չնայած, իհարկե, ուկրաինացի ժողովրդին թշնամի մենք չենք համարում»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
Նշենք, որ Կիևում Եվրոպական հրապարակի մոտ շարունակվում են ձերբակալված Սաակաշվիլիի աջակիցների և իրավապահների միջև բախումները: Ինքը՝ Սաակաշվիլին, դեռ գտնվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության մեքենայում, որն արգելափակել են ցուցարարները:
Հաղորդվում է, որ ցուցարարները բարիկադներ են պատրաստում:
Հաղորդվում է, որ Սաակաշվիլիի տան մոտ, որտեղ այսօր Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկում են իրականացրել և ձերբակալել քաղաքական գործչին, տեղի ունեցած բախումների հետևանքով կան վիրավորներ և՛ իրավապահների, և՛ ցուցարարների կողմից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ դեկտեմբերի 5-ին Կիևում Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար: Իրավապահները մտադիր են հարցաքննել քաղաքական գործչին:










