Ջիգարխանյանը բնակություն է հաստատել նախկին կնոջ հարևանությամբ. «Комсомольская правда»

12:24 • 07.12.17

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է նոր բնակարան, որը գտնվում է նախկին կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տան մոտակայքում՝ նույն թաղամասում:

Սկանդալային ամուսնալուծությունից հետո Ջիգարխանյանը որոշել է չհեռանալ իր սիրած Կունցևո թաղամասից, հայտնում է kp.ru-ն, որն այս թեմայով զրուցել է Ջիգարխանյանի մտերիմ ընկերոջ՝ գործարար Արթուր Սողոմոնյանի հետ:

«Դա Արմեն Բորիսովիչի ընտրությունն է: Նա շատ է սիրում այդ թաղամասը, և այնտեղ իրեն հարմար է զգում»,-պատմել է Արթուր Սողոմոնյանը՝ մանրամասնելով, որ տունն ընդարձակ է ու վերանորոգված:

Սողոմոնյանը նաև նշել է, որ նոր բնակարանը փաստացի պատկանում է սիրված դերասանին, սակայն անշարժ գույքը դեռևս նրա անունով չի ձևակերպվել, քանի որ իրենք սպասում են Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ  ամուսնալուծական քաշքշուկի ավարտին:

«Դասեր քաղելով մեր դառը փորձից՝ մենք այժմ շատ զգույշ ենք գործում: Երբ ամեն ինչ ավարտվի՝ բնակարանը կվերաձևակերպենք Արմեն Բորիսովիչի անունով: Մենք այդքանով չենք սահմանափակվի ու կփորձենք վերադարձնել այն, ինչ իրականում պատկանում է Ջիգարխանյանին: Շանսեր կան: Բնակարանը, որում ապրում է Վիտալինան, գնվել է  Ջիգարխանյանի փողերով: Դա հեշտ է ապացուցելը, կան փաստեր»,-շարունակել է գործարարը:


Նա նկատել է, որ իրենք խոսում են փաստերով, իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ուղղակի շոու է անում լրագրողների առաջ:

Սողոմոնյանի խոսքով՝ այժմ Ջիգարխանյանի կտակը գրված է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով, ինչը դերասանն արել է նախկին կնոջ դրդմամբ: Այժմ փաստաբանները խորհուրդ են տալիս չեղարկել այդ կտակն ու նորը կազմել:

Հիշեցնենք, որ 82-ամյա Ջիգարխանյանը 38-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրում է իր ունեցածքն ապօրինի ճանապարհով յուրացնելու ու իրեն խաբելու համար:

 

 

Ջիգարխանյանը բնակություն է հաստատել նախկին կնոջ հարևանությամբ. «Комсомольская правда»