«Գահերի խաղի» աստղը պատմել է՝ երբ կթողարկվի սերիալի 8-րդ եթերաշրջանը
Հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալում Սանսա Ստարկի դերակատար, անգլիացի դերասանուհի Սոֆի Թյորներն ասել է, որ սերիալի նոր եթերաշրջանը կթողարկվի 2019 թվականին: Այս մասին հայտնում է Variety-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռուստասերիալի հաջորդ և վերջին՝ ութերորդ եթերաշրջանի թողարկումը սպասվում է 2018 թվականի վերջին կամ 2019 թվականի սկզբին:
«Այո, ես շատ հուզված եմ: «Գահերի խաղը» (նոր եթերաշրջանը-Tert.am) կթողարկվի 2019 թվականին», - ասել է Թյորները՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը հուզված է ութերորդ եթերաշրջանի պրեմիերայի կապակցությամբ:
Դերասանուհու խոսքով՝ հեռուստասերիալում դերասան Էյդան Գիլենի հերոսի՝ Պետիր Բեյլիշի մահից հետո իր համար շատ բարդ կլինի աշխատել առանց նրա:
«Շատ բարդ էր հրաժեշտ տալ նրան… քանի որ նա իմ խորհրդատուն էր: Շատ դասեր քաղեցի նրա դերասանական խաղին հետևելու ընթացքում», - ասել է Թյորները:
Դերասանուհին հավելել է, որ նկարահանումներն այս հեռուստասերիալում «օրհնություն և անեծք» են դարձել իր համար:
«Օրհնություն և անեծք է այն, որ «Գահերի խաղն» իմ առաջին աշխատանքն է և այն, որ աշխատում եմ նման ցնցող սցենարների և անհավանականորեն փորձառու դերասանների ու լավագույն թիմի հետ: Կարծում եմ՝ սա մի քիչ սնոբ է դարձնում մարդուն», - ասել է դերասանուհին:










