«Լազուրե ափը» ֆիլմը Փիթի հետ հարաբերություններին նոր շունչ տալու փորձ էր. Անջելինա Ջոլի
Ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել Vanity Fair ամսագրին, որում պատմել է իր նախկին ամուսին Բրեդ Փիթի հետ հարաբերությունների և 2015 թվականին էկրաններ դուրս եկած «Լազուրե ափը» ֆիլմի վրա աշխատելու մասին:
Հայտնի է, որ Ջոլին ինքն է գրել ֆիլմի սցենարը, հանդես եկել որպես ռեժիսոր և Բրեդ Փիթի հետ կատարել գլխավոր դերերից մեկը: Այն ժամանակ նրանք դեռ ամուսնացած էին, սակայն ֆիլմի թողարկումից հետո խոսակցություններ տարածվեցին, որ սա անձնական պատմություն է:
Ֆիլմը պատմում է զույգի ամուսնական ճգնաժամի մասին, և այս հարցազրույցում Ջոլին պատմել է, որ «Լազուրե ափը» Փիթի հետ հարաբերություններին նոր շունչ տալու փորձ էր:
«Մենք միասին աշխատում էինք մեր հարաբերությունների վրա, և բավական բարեհաջող: Մենք շատ բան ենք արել, և այն ժամանակ ես կարծում էի, որ սա հիանալի ելք է: Որոշ իմաստով այդպես էլ կար, քանի որ նոր բաներ իմացանք միմյանց մասին», -պատմել է դերասանուհին:
Նրա խոսքով՝ ֆիլմը, այնուամենայնիվ, չօգնեց հարթել իրենց հարաբերությունները:
«Անընդհատ զգում էինք՝ որքան բարդ է մեզ համար միասին լինելը՝ ոչ ֆիլմի պատճառով: Նման բաներ տեղի են ունենում ամենատարբեր պատճառներով», - կիսվել է նա:
Ջոլին նաև նշել է, որ այս ֆիլմի հետ կապված են նաև այլ զգացողություններ:
«Իմ կյանքում շատ հրաշալի, երջանիկ պահեր են եղել: Բարդ պահերն էլ քիչ չէին: Ֆիլմի վրա աշխատանքներին անցնելուց անմիջապես առաջ մաստեկտոմիա անցա, նաև վախենում էի ձվարանների քաղցկեղից: Այն ժամանակ էլ կորցի մորս», - պատմել է Ջոլին:
Դերասանուհու խոսքով՝ ինքը ոչնչի համար չի զղջում:
«Արվեստը կարող է բուժել կամ բարդություններ առաջացնել: Սակայն ես ուրախ եմ, որ մենք պատրաստեցինք այս ֆիլմը, չէ՞ որ այն նոր բաներ բացահայտեց երկուսիս մեջ: Նույնիսկ եթե սա մեր մութ կողմն է», - խոստովանել է Ջոլին:
















