Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումից հետո Բեթղեհեմում մարվել են սուրբծննդյան տոնածառի լույսերը

14:07 • 07.12.17

Պաղեստինցիներն ի նշան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ բողոքի հանգցրել են քրիստոնյաների համար սրբազան համարվող Բեթղեհեմ քաղաքի Սուրբ Ծննդյան տաճարի մոտ տեղադրված տոնածառի լույսերը:

Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, բացի այդ, մարվել են Ռամալլահ քաղաքում նախկին պաղեստինյան առաջնորդ Յասեր Արաֆաթի շիրիմից ոչ հեռու տեղադրված տոնածառի լույսերը:

Տեղի իշխանությունները նշել են, որ այս քայլով իրենց բողոքն են հայտնում Թրամփին: Նրանք հավելել են, որ դեռևս չգիտեն՝ Սուրբ Ծննդի նախօրեին՝ դեկտեմբերի 24-ին, նորից կվառեն լույսերը, թե ոչ:

Հիշեցնենք, որ Թրամփն իր որոշման մասին հայտարարել է Սպիտակ տանը կայացած կարճատև ճեպազրույցի ժամանակ:

«Վստահ եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս այս մասին, սակայն իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»,-հայտարարել է Թրամփը:


Բազմաթիվ պետությունների ղեկավարներ շտապել են քննադատել այս որոշումը՝ նախազգուշացնելով, որ դա կսադրի Պաղեստինի հետ խաղաղ բանակցային գործընթացը:


Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն ասել է, որ Թրամփի «ցավալի ու անընդունելի» որոշումն ուղղակիորեն վտանգի տակ է դնում խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը:

«Այս որոշումը տարածաշրջանում «դժոխքի դռները» կբացի ԱՄՆ-ի համար»,-ասել է Պաղեստինում գործող «Համաս» շարժման ղեկավար Իսմայիլ Ռադվանը: