Հայտնի է դարձել՝ ով է աշխարհի ամենաթանկ՝ 450 մլն դոլարանոց կտավի խորհրդավոր գնորդը
Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Սալվատորե Մունդի» կտավը, որը նոյեմբերի կեսերին Christie's-ի կազմակերպած աճուրդում վաճառվել էր ռեկորդային 450.3 մլն դոլարով, ձեռք է բերել սաուդացի արքայազն Բադեր բին Աբդուլլահ բին Մուհամեդ բին Ֆարհան ալ Սաուդը:
Ինչպես նշում է The New York Times-ը, ավելի վաղ գնորդի ինքնությունը գաղտնի էր պահվում: Նշվում էր միայն, որ նա արվեստի գործերի հավաքորդ է:
Աղբյուրը նկատում է, որ մահմեդական արքայազնի կողմից Հիսուս Քրիստոսի պատկերով կտավը նման աննախադեպ գնով ձեռք բերելու փաստը կարող է առաջացնել հավատացյալ սաուդացիների դժգոհությունը. իսլամում Քրիստոսը չի ընդունվում որպես փրկիչ, նա համարվում է մարգարեներից մեկը:
BBC-ն հավելում է, որ շուտով կտավը կցուցադրվի Աբու Դաբիում Լուվր թանգարանի նորակառույց մասնաճյուղում: Այս մասին նորաբաց թանգարանի ղեկավարությունը հայտնել է իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ հանճարեղ իտալացու գլուխգործոցը ճանաչվել է աշխարհում երբևէ վաճառված ամենաթանկարժեք արվեստի գործը:
Հինգ հարյուր տարի առաջ նկարված կտավը հայտնաբերվել էր 2005թ.: Այն համարվում է Դա Վինչիի՝ մասնավոր հավաքածուում գտնվող վերջին կտավը:
Նշվում է, որ «Սալվատորե Մունդի»-ն Դա Վինչիի այն կտավներից մեկն է, որը հարյուրամյակներ շարունակ կորած է համարվել:
Հեղինակն այն նկարել է հանրահայտ «Մոնա Լիզա»-ն ստեղծելու նույն ժամանակահատվածում: Կտավը ստեղծվել է 1506-1513թթ. ընթացքում՝ Ֆրանսիայի արքա Լուի 12-րդի համար:










