Սաակաշվիլին հայտարարել է, որ փորձում է «փրկել» Ուկրաինան
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ փորձում է փրկել Ուկրաինան: Այդ մասին նա ասել է բրիտանական Independent պարբերականին տված հարցազրույցում:
Քաղաքական գործչի խոսքով՝ ուկրաինական իշխանություններն ի պատասխան իր գործողությունների վախեցնում են ինչպես անձամբ իրեն, այնպես էլ իր աջակիցներին: Սակայն, ինչպես նա նշել է, իրեն խոստացել են, որ սպառնալիքները կդադարեն, երբ նա դադարի քննադատել նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Իր հարցազրույցում Սաակաշվիլին մեղադրել է պետության ղեկավարին «միլիարդավոր դոլարներ գողանալու» համար և հայտարարել է, որ հարկավոր է նրա նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսել:
Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ երկրում իր աջակցությունն աճում է, և իր աջակիցները ցույց են տվել ակցիաներ իրականացնելու համար «արդյունավետ կերպով համախմբվելու» կարողությունը:
Բացի այդ, քաղաքական գործիչը նշել է, որ իրավիճակն անսովոր է:
«Արևմուտքի տեսանկյունից իրավիճակը տարօրինակ է թվում՝ երկրի նախկին ղեկավարը մեկնում է մեկ այլ երկիր և փորձում է այն փոխել: Օտարերկրացին փորձում է փրկել երկիրը: Սիմոն Բոլիվարը մի քանի դար առաջ էր, բայց ժամանակակից աշխարհում դրա նախադեպը չկա: Արևմուտքը նաև հասկանում է, որ Ուկրաինային հարկավոր է ուժեղ առաջնորդ, և մենք բոլորս գիտենք, որ Ուկրաինային հարկավոր է ուժեղ առաջնորդ հիմա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները 2 օր առաջ խուզարկում են իրականացրել և ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին: Այնուհետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ չի գնա Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի մոտ հարցաքննության, քանի որ նրան ոչ լեգիտիմ է համարում: Նա քննիչներին հրավիրել էր Կիևում Գերագույն ռադայի մոտ տեղակայված վրանային պալատ և հայտարարել, որ պատրաստ է նրանց ընդունել այնտեղ։
Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտնել է, որ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել երեք հոդվածով:










