ՅՈւՆԵՍԿՕ-ն քամանչան Ադրբեջանի և Իրանի մշակույթի մաս է ճանաչել
Քամանչայի կատարողական արվեստը և այդ երաժշտական գործիքի պատրաստումը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես Ադրբեջանի և Իրանի մշակույթի նմուշ: Այդ մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությանը:
«Հարավային Կորեայում անցկացվող Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանում Ադրբեջանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Լարային երաժշտական քամանչա գործիքի պատրաստումն ու դրա կատարողական արվեստը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հանդիպում է ամեն տարի՝ գնահատելու համար առաջարկվող թեկնածությունները և ցանկում դրանք ներառելու մասին որոշում կայացնելու համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում հայկական քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:










