«Այս որոշումը ցավալի է ու անընդունելի». աշխարհի արձագանքը Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն (լուսանկարներ տեսանյութ)
Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, ինչից հետո բազմաթիվ պետությունների ղեկավարներ շտապել են քննադատել այս որոշումը՝ նախազգուշացնելով, որ դա կսադրի Պաղեստինի հետ խաղաղ բանակցային գործընթացը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, առաջիններից մեկն արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ նշելով, որ պատրաստվում է այս թեմայով խոսել Թրամփի հետ:
«Մեր դիրքորոշումը չի փոխվել. Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի միայն խաղաղ բանակցային գործընթացի շրջանակում»,-ասել է Մեյը:
Կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ աղոթում է Աստծուն, որպեսզի աշխարհում առկա բազում դաժան հակամարտությունների շարքը նոր լարվածությամբ չհամալրվի:

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն ասել է, որ Թրամփի «ցավալի ու անընդունելի» որոշումն ուղղակիորեն վտանգի տակ է դնում խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը:
«Այս որոշումը տարածաշրջանում «դժոխքի դռները» կբացի ԱՄՆ-ի համար»,-ասել է Պաղեստինում գործող «Համաս» շարժման ղեկավար Իսմայիլ Ռադվանը:
Հորդանանի թագավոր Աբդալլահի կարծիքով՝ այս քայլը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
Մինչդեռ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ կոչ անելով վերանայել սխալ որոշումը, որի հետևանքները կարող են խիստ բացասական լինել:

«Այս որոշումը խիստ ցավալի է մեզ համար: Ֆրանսիան հավանություն չի տալիս դրան, քանի որ այն հակասում է միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին»,-ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի հետ համակարծիք է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Իսկական մահապատիժ նրանց համար, ովքեր փորձում են խաղաղության հասնել»,-ասել է Քաթարի արտգործնախարար, շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման ալ Թանին:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ի քայլը բխում է «սեփական թուլությունից ու ոչ կոմպետենտ լինելուց»:
!['That they claim they want to announce [Jerusalem] as the capital of occupied Palestine is because of their incompetence and failure,' Iran's Supreme Leader Ali Khamenei said](http://i.dailymail.co.uk/i/pix/2017/12/07/00/01BF7D180000044D-5152783-_That_they_claim_they_want_to_announce_Jerusalem_as_the_capital_-a-2_1512605456585.jpg)
«Երկու կողմերի մղումները պետք է բավարարվեն, ու բանակցային գործընթացի միջոցով պետք է որոշվի Երուսաղեմի կարգավիճակը որպես երկու պետությունների ապագա մայրաքաղաք»,-ասել է Եվրոպական միության արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գեն Շուանը հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակը բարդ ու զգայուն հարց է, որի շուրջ ԱՄՆ-ի որոշումը կսրի տարածաշրջանային հակամարտությունը:
Հիշեցնենք, որ Թրամփն իր որոշման մասին հայտարարել է Սպիտակ տանը կայացած կարճատև ճեպազրույցի ժամանակ:
«Վստահ եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս այս մասին, սակայն իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»,-հայտարարել է Թրամփը:
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է խաղաղություն կնքել Պաղեստինի ու Իսրայելի միջև:










