Երուսաղեմում ուրբաթօրյա աղոթքից հետո պաղեստինցիները խոստացել են «ցասման օր» իրականացնել. հաղորդվում է բախումների մասին (ուղիղ միացում, թարմացված, լուսանկարներ)
15.33
Երուսաղեմի Դամասկոսյան դարպասների մոտ բախումներ են սկսվել մահմեդական ցուցարարների և իսրայելական ոստիկանության միջև, ինչի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ի թղթակիցը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ցուցարարների խումբն արգելափակել է Հին քաղաքի մոտակայքում գտնվող փողոցը, իսկ հեծյալ ոստիկանությունը փորձում է ցրել նրանց: Ցուցարարները շշեր են նետում ոստիկանների ուղղությամբ: Ամբոխը փորձում է կոտրել ցանկապատը Դամասկոսյան դարպասների մոտ:
Նշվում է, որ մի քանի ակտիվիստ տուժել է, և շտապօգնությունը տեղափոխել է նրանց հիվանդանոց: Բախումների վայր են ժամանել ոստիկանության լրացուցիչ ուժեր:
15.02 Մահմեդականները հավաքվում են Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի մոտ աղոթքի, ինչից հետո պաղեստինցի արմատականները խոստացել են «ցասման օր» իրականացնել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հավատացյալ մահմեդականները՝ տղամարդիկ և կանայք, անցնում են Դամասկոսյան դարպասներից Երուսաղեմի հին քաղաք: Դարպասների մոտ նրանց դիմավորում են ամբողջ աշխարհի հեռուստաալիքներից նկարահանող խմբերը:
Դեպի Տաճարի լեռ մահմեդականների հոսքը վերահսկում են զինված զինվորականների խմբերը: Մզկիթ թույլ է տրվում անցնել միայն մահմեդականներին. նախ իսրայելցի զինվորականները հարցնում են անցնել ցանկացողներին, թե արդյոք նրանք մահմեդական են, այնուհետ 50 մետր հեռավորության վրա կանգնած են պաղեստինցի զինվորներ, որոնք իսլամի իմացության մի քանի հարց են տալիս:
Ականատեսների տվյալներով՝ մզկիթի մոտ հավաքվել է մի քանի հազար մարդ:
Հաղորդվում է, որ Լացի պատի մոտ կանգնած է երկու տասնյակ ոստիկանական անձնակազմ և ավտոբուսներ: Բացի այդ, մեծ քանակությամբ ոստիկանական մեքենա է կանգնած Տաճարի լեռան մոտ Հին քաղաքի պատի արտաքին կողմից:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին:
Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր «միասնական և անբաժան» մայրաքաղաքը, ներառյալ դրա արևելյան թաղամասերը և պատմական կենտրոնը, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից և ավելի ուշ բռնակցել: Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարևոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արևելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա:














