«Երուսաղեմն իմ սրտում է». Թրամփը հրեաներին բոլոր ազգերի մեջ շողացող լույս է անվանել

14:32 • 08.12.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրեաների համար սրբազան Հանուկա տոնի կապակցությամբ մեծ ընդունելություն է կազմակերպել Սպիտակ տանը, որին ներկա են եղել նրա ընտանիքի բոլոր անդամները՝ այդ թվում նաև փեսան՝ ազգությամբ հրեա Ջարեդ Քուշները, և ավագ դուստրը՝ հուդայականություն ընդունած Իվանկա Թրամփը:

Ինչպես նշում է The Jerusalem Post-ը, իր ելույթում 71-ամյա Թրամփը, խոսելով օրերս Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ասել է, որ մեծ սեր է տածում Իսրայելի և Երուսաղեմի նկատմամբ:

«Երուսաղեմն իմ սրտում է: Այս պահին մտածում եմ Իսրայելի և Երուսաղեմի նկատմամբ տածած սիրո մասին: Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետնորդներն անտանելի հալածանքների ու ճնշումների են ենթարկվել: Բայցևայնպես, չկա մի ուժ, որը կարողացել է թուլացնել ձեր ոգին, և մի չարիք, որը վերացրել է ձեր հավատը: Ահա թե ինչու է հրեա ժողովուրդն աշխարհի բոլոր ազգերի մեջ լույսի պես շողում»,-ասել է նա:

Բացի այդ, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն հպարտ է կանգնել հրեա ժողովրդի կողքին ու սերտացնել Իսրայելի հետ կապերը:

Հիշեցնենք, որ Թրամփը դեկտեմբերի 6-ին  պաշտոնապես հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ու ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու որոշման մասին:


«Վստահ եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս այս մասին, սակայն իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»,-հայտարարել է Թրամփը:

Բազմաթիվ պետությունների ղեկավարներ շտապել են քննադատել այս որոշումը՝ նախազգուշացնելով, որ դա կսադրի Պաղեստինի հետ խաղաղ բանակցային գործընթացը:

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն ասել է, որ Թրամփի «ցավալի ու անընդունելի» որոշումն ուղղակիորեն վտանգի տակ է դնում խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը:

«Այս որոշումը տարածաշրջանում «դժոխքի դռները» կբացի ԱՄՆ-ի համար»,-ասել է Պաղեստինում գործող «Համաս» շարժման ղեկավար Իսմայիլ Ռադվանը:


Պարբերականը նկատում է, որ 1948թ. Իսրայելի հիմնադրումից ի վեր ԱՄՆ-ն դարձել է նման հայտարարությամբ հանդես եկած աշխարհում առաջին երկիրը:

Հայտնի է, որ Պաղեստինը ցանկանում է Երուսաղեմի արևելյան հատվածում ապագա անկախ պետության մայրաքաղաքը հիմնել, սակայն Թրամփի որոշումից հետո դա, գրեթե, անհավանական կլինի: