Femen-ի ակտիվիստուհին հարձակվել է ընտրատեղամաս այցելած Չեխիայի նախագահի վրա (լուսանկարներ, տեսանյութ)

13:39 • 13.01.18

Femen շարժման ուկրաինացի ակտիվիստուհին հարձակվել է Պրահայի ընտրատեղամասերից մեկն այցելած Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չեխական հեռուստատեսության կայքին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Զեմանն այցելել է ընտրատեղամաս, և այդ պահին կիսամերկ կինը հարձակվել է նրա վրա և փորձել խանգարել նրան քվեարկել:

Նշվում է, որ նախագահի թիկնապահներն արագ ձերբակալել են հարձակվողին: Միջադեպից հետո Զեմանը վերադարձել է ընտրատեղամաս ու ասել, որ իր համար մեծ պատիվ է այն, որ իր վրա հարձակվել է Femen շարժման ակտիվիստուհին:

Femen շարժման կայքում ասվում է, որ աղջիկը ծնունդով Ուկրաինայից է:

Նշենք, որ Չեխիայում նախագահական ընտրություններ են անցկացվում երեկ ու այսօր: Ինը թեկնածուների թվում է նաև երկրի ներկայիս նախագահ Միլոշ Զեմանը: