Մակրոնը Ֆրանսիայի նախորդ նախագահներից ժառանգել է լավ վերաբերմունք հայերի նկատմամբ. Արման Ավագյանը՝ հայ համայնքի կազմակերպած ընթրիքի մասին
Ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանի խոսքով՝ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպվող ամենամյա ընթրիքը Ֆրանսիայի համար արդեն դարձել է ավանդույթ։
Այս տարվա՝ հունվարի 30-ին կազմակերպված ընթրիքին նա ևս մասնակցել է և Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց: Նկատեց, որ այս անգամ նորությունն այն էր, որ ներկա էր Ֆրանսիայի նոր նախագահը՝ Էմանուել Մակրոնը, որի խոսքը հայ համայնքում շատ սպասված էր:
«Էմանուել Մակրոնը շատ պրագմատիկ ելույթ ունեցավ: Նշեց, որ ինքը մի կողմից հասկանում
է համամարդկային արժեքների գնահատման կարևորումը, ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը, սակայն միևնույն ժամանակ նա Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է պահպանի հավասարակշռություն, որովհետև եթե հայերի համար մտահոգություններ կան իրենց անվտանգության հետ կապված՝ հաշվի առնելով անցյալում կատարվածը՝ Ցեղասպանությունը, բայց Թուրքիայի հետ կապված իրադարձությունները ևս շատ կարևոր են Ֆրանսիայի ժողովրդի անվտանգության համար, մասնավորապես այն հարցը, որ և՛ Թուրքիայում, և՛ Ֆրանսիայում գաղթականների մի մեծ զանգված կա․Թուրքիան այս հարցում Ֆրանսիայի համար շատ կարևոր գործընկեր է տարածաշրջանում»,- ասաց նա:
Նա նկատեց, որ Մակրոնի այս հայտարարությունը կարծես թե պատասխանն էր Թուրքիայի նախագահի հետ իր հանդիպումից հետո հայ համայնքում եղած դժգոհություններին:
Արման Ավագյանի բնորոշմամբ՝ Թուրքիայի քաղաքականության «ամենավառ ապացույցը» ընթրիքին ներկա Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն էր․ Թուրքիայում նրա նկատմամբ վարվող քաղաքականության մասին տեսանյութ ցուցադրվեց:
«Ներկայացվեց, որ նա մեկն է, որ փորձում է Թուրքիայում ինչ-որ բան փոխել, ժողովրդավարություն հաստատել, սակայն նրա կյանքը վտանգված է: Մակրոնը դրան ի պատասխան վերահաստատեց, որ այո՛, ինքն էլ մտահոգություններ ունի Կարո Փայլանի վերաբերյալ, բայց պետք է փոխել հարցերը երկխոսությամբ, պրագմատիկ ձևով, ասաց, որ չի ասի այնպիսի բաներ, որոնք համայնքին է հաճելի լսել, ասաց՝ պետք է փոխի երկխոսության միջոցով»,- նշեց նա:
Էմանուել Մակրոնը, ըստ Արման Ավագյանի, Լեռնային Ղարաբաղի մասին առավել անկեղծ խոսեց․ ասածը հանպատրաստից էր՝ պատասխանն էր համայնքի անդամների առաջարկին՝ այցելել Ղարաբաղ:
«Ասաց՝ ես Ձեզ հիասթափեցնում եմ, բայց Ղարաբաղ չեմ գա, որովհետև կկորցնեմ իմ միջնորդի կարգավիճակը: Նշեց՝ պետք է տարբերակներ գտնել խնդիրը լուծելու»,- ասաց նա՝ հավելելով, որ Մակրոնի պատասխանի մյուս մասն արդեն նախորդ նախագահների հայտարարություններից տարբերվող էր,-նա վերահաստատեց Հայաստանի նախագահի հետ հանդիպմանն իր ասածը՝ պետք է փոխել ստատուս քվոն, այսինքն՝ հիմնախնդիրը լուծելու համար պետք է գնալ փոխզիջումների, կոնկրետ փոխզիջումների»:
Արման Ավագյանը նկատեց՝ Մակրոնի համար կարևոր է այլ երկրների հետ տնտեսական հարաբերությունները հաստատելը։ Նա նշեց, որ ըստ այդմ պետք է ընկալել՝ նա չի կարող խզել իր կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
«Սակայն պետք է նկատել, որ Էմանուել Մակրոնը նաև մտադիր է Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ զարգացնել․ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանն էլ, ընթրիքի ժամանակ էլ նա հայտարարեց, որ մտադիր են հոկտեմբերին Երևանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին հայ-ֆրանսիական ֆորում կազմակերպել, և ինքը շատ է ցանկանում թափ հաղորդել դրան և համախմբել բոլոր ֆրանկոֆոն գործարարներին»,- պատմեց Արման Ավագյանը:
Ամփոփելով հայ համայնքի կազմակերպած ընթրիքին Ֆրանսիայի նախագահի խոսքն ու կեցվածքը՝ ֆրանսահայ հասարակական գործիչը նկատեց՝ Էմանուել Մակրոնը հայ համայնքի նկատմամբ լավ վերաբերմունքը ժառանգել է նախորդ նախագահներից:
«Պետք է նկատել, որ Ֆրանսիայի հայ համայնքը լուրջ դերակատարություն ունի Ֆրանսիայի քաղաքական, մշակութային, կրթական և շատ այլ բնագավառներում: Մենք էլ պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք մի նախագահի հետ, որը գործունյա է, ցանկանում է առաջ գնալ: Թե որքանով կստացվի նրա հետ աշխատել, հաշվի առնելով տարածաշրջանի քաղաքական իրավիճակը, կարող է ցույց տալ ժամանակը: Մակրոնի տրամադրվածությունը շատ դրական է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա է եղել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին, որի ժամանակ խոստացել է օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման օր ավելացնել:
Փարիզի հյուրանոցներից մեկում անցկացված միջոցառմանը մասնակցել է հայ համայնքի մոտ 500 ներկայացուցիչ: Միջոցառմանը ներկա են եղել նաև Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն, Իլ դը Ֆրանս երկրամասի ղեկավար Վալերի Պեկրեսը, հայկական ծագմամբ ֆրանսիացի պաշտոնյաներ, այդ թվում՝ Պատրիկ Դևեջյանը և Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը, Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամավոր Կարո Փայլանը, ինչպես նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ:










