Դուբայ-Օսլո ինքնաթիռը Դոմոդեդովոյում վթարային վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով

19:57 • 09.02.18

Նորվեգիայի քաղաքացին մահացել է Դուբայից Օսլո ուղևորվող ինքնաթիռում, որը վթարային վայրէջք է իրականացրել Մոսկվայի Դոմոդեդովո միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեին:

«Քննության տվյալների համաձայն՝ այսօր տեղական ժամանակով ժամը 12:45-ի սահմաններում Դոմոդեդովո մայրաքաղաքային օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Դուբայ-Օսլո չվերթն իրականացնող ինքնաթիռը՝ ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման պատճառով», - ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնաթիռի մոտ ժամանած բուժաշխատողներն արձանագրել են 1957 թվականին ծնված Նորվեգիայի քաղաքացու մահը:

Նշվում է, որ ինքնաթիռի ուղևորի մահվան փաստի առթիվ քննիչները ստուգում են իրականացնում: