Ավստրիայի կանցլերը «հիմարություն» է անվանել ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի սահմանումը

12:45 • 08.03.18

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատել է Եվրամիությունից պողպատի և ալյումինի ներկրման համար ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանումը և դա «հիմարություն» անվանել: Այդ մասին հայտնում է Kleine Zeitung-ը:


«Անհրաժեշտության դեպքում կհետևի արձագանք, որը, պետք է հուսալ, կհանգեցնի ԱՄՆ-ի դիրքորոշման վերանայմանը, և հնարավոր կլինի հրաժարվել այդ հիմարությունից»,- ասել է Կուրցը:


Քաղաքական գործչի կարծիքով՝ մաքսատուրքերի սահմանման դեպքում կարող է առևտրային պատերազմ սկսվել, որի ժամանակ բոլոր կողմերը վնաս կկրեն:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի սկզբին հայտարարել էր պողպատի ներմուծման համար 25 տոկոսի և ալյումինի ներմուծման համար 10 տոկոսի մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին՝ առաջացնելով Եվրամիության կտրուկ արձագանքը: Բացի մետաղներից՝ Թրամփը նաև սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայում արտադրվող ավտոմեքենաների համար:


Առևտրի հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Սեսիլիա Մալստրեմը հայտարարել է, որ Եվրոպան, որպես պատասխան միջոց, դիտարկում է ԱՄՆ-ից ներկրվող Levi’s ջինսերի և բուրբոնի նկատմամբ 25 տոկոսի հարկ սահմանելու հնարավորությունը: