Իրանի երկու քաղաքացիներ նավակով հատել են Ադրբեջանի սահմանն ու ձերբակալվել (լուսանկար)

15:44 • 09.03.18

Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի ձերբակալվել է Ադրբեջանում՝ երկրի ծովային սահմանը խախտելու համար:

Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով երկրի սահմանապահ ծառայությանը, Իրանի քաղաքացիներ 33-ամյա Մեհրան Յուսիֆ Նիջադն ու 34-ամյա Ջամզեմի Իսմաիլը ձերբակալված են:

Դեպքը տեղի է ունեցել Աստարինի շրջանի տարածքում. անհայտ լողացող օբյեկտը հատել է պետական սահմանն ու հայտնվել Ադրբեջանի ջրերում: Ադրբեջանի սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության ծառայության արագընթաց մոտորանավակների կողմից ավելի քան 2-ժամյա հետապնդումից հետո իրանական ծովային փոխադրամիջոցն ի վերջո կանգ է առել:

Հայտնի է, որ հետապնդման ընթացքում ադրբեջանցի սահմանապահները 250 մետր հեռավորությունից նախազգուշական կրակոց են արձակել:

Խուզարկման արդյունքում փոխադրամիջոցում հայտնաբերվել են Իրանի երկու քաղաքացիները, նրանց մոտ եղել են երկու սամրթֆոն, GPS սարքավորում, լապտեր, դանակ և տրամադոլ տեսակի 9 դեղահաբ: