Քիչ չենք, ուղղակի ընդդիմադիրները 25 տարի խաբել են ժողովրդին և ժամանակի ընթացքում ծախվել. Վ. Ավետիսյանը` Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների մասին (թարմացված, տեսանյութ, լուսանկարներ)

19:03 • 23.03.18

20.10

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն էլ ժողովրդին կոչ արեց միանալ իրենց պայքարին: Նշեց․ «Ասում ենք՝ քիչ ենք: Քիչ չենք: Բացատրություն կա դրան: 25 տարի մեր ընդդիմադիրները խաբել են ժողովրդին, ժամանակի ընթացքում ծախվում են, հենց գումարը տեսնում են, ոտքերը թուլանում են, փախչում են: Ուստի հույսներս չպետք է կորցնենք, մեր կյանքը հավերժ պայքար է, հասկացե՛ք»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է հավերժ պայքարելու՝ հանուն հզոր պետություն ունենալու: «Մենք պետք է պայքարենք, որ մեր կորցրած տարածքները՝ սկսած Նախիջևանից, մինչև Արևմտյան Հայաստան վերադարձնենք: Ժամանակի խնդիր է»,- ասաց նա:

Հանրահավաքի ամփոփիչ մասում էլ Արմեն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրենք նորից եկող շաբաթ՝ ուրբաթ օրը հավաքվելու են հրապարակում:

 

19.50

 «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանի խոսքով՝  իրենք նախատեսում են Մարտի 1-ի դեպքերի դատավարություն անել հրապարակային՝ Ազատության հրապարակում: Նա ասաց, որ դիմելու են Անդրանիկ Քոչարյանին, Սեդա Սաֆարյանին՝ փաստահավաք խմբի անդամներին, որոնց մոտ հավաքված և կուտակված են Մարտի 1-ի հետ կապված բոլոր փաստաթղթերը:

«Դատավարությունը պետք է կատարվի՝ այստեղ հրապարակում, բոլորի աչքի, ժողովրդի, սփյուռքի մասնակցությամբ, և մինչև ապրիլի 9–ը պետք է կարողանանք իրականացնել դատավարությունը»,- ասաց նա՝ նշելով, որ վճիռը կլինի ժողովրդինը:

Նա Հույս հայտնեց, որ ժողովուրդը ապրիլի 9-ից սկսած դուրս կգա հրապարակ և կմիանա իրենց պայքարին:

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ  Ալբերտ Բաղդասարյանն էլ նշեց, որ խնդիրները Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում չեն կուտակվել, այլ կուտակվել են մեր անկախության օրվանից՝ դեռևս 1990-ականներից, երբ ուզում էինք պետություն կառուցել, բայց ստեղծեցինք պետական համակարգ, որ ժողովուրդը ստրկանա նախագահին:

«Մենք առաջարկում ենք ժողովրդին, որ յուրաքանչյուր լսող լսի, որ այստեղ իշխանության կռիվ չի: Ինչքան էլ իշխանության մունետիկները, մամուլի միջոցները փորձեն նման տպավորություն ստեղծել, մեր խնդիրը Հայաստան պետության կառավարման ուղղությունը կտրուկ փոխելն է, ոչ միայն  մարդկանց փոխելն է»,- ասաց նա։

Ճակատի անդամներից Դավիթ Սանասարյանի խոսքով էլ ինքն անձամբ մասնակցելու է այսօրվա ռեժիմի դեմ պայքարող բոլոր  ցույցերին, խորհուրդ տվեց ժողովրդին էլ նույն կերպ վարվել:

«Հիմա խորհրդակցությունների, բանակցությունների մեջ ենք, որ հրապարակում ասեղ գցելու տեղ չլինի: Ամեն մեկի հետ խոսում ենք, քննարկում ենք, ներկայացնում ենք, թե մենք ինչ ենք պատկերացնում, ու վստահ եմ, որ այս աշխատանքը բերելու է կոնկրետ հաջողության»,- ասաց նա:

 

19.03


«Հանուն Հայաստան պետության» ճակատը Երևանի Ազատության հրապարակում արդեն թվով երրորդ հանրահավաքն է անցկացնում:

Նշենք, որ նախորդ հավաքներին հայտարարվել է, որ կփորձեն կանխել Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարումը, բացի այդ պատրաստվում են ստեղծել «ժամանակավոր կառավարություն», ազատ արձակել «քաղբանտարկյալներին» և հետագայում «Սահմանադիր ժողովի» կողմից հաստատել «Սահմանադրություն» և անցկացնել նոր ընտրություններ:

Միջոցառման կազմակերպիչները ողջունեցին Վոլոդյա Ավետիսյանին, ով Ազատության հրապարակում նստացույց է անում: «Նրա և մյուս ազատամարտիկների հաստատակամությունը բերելու է նոր մարդիկ, ովքեր կտեսնեն այսպիսի կամք, որպեսզի կարողանան վերջնականապես մեր տան գլխին նստած հրեշից ազատվել»,-ասաց նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ չնայած այն քարոզչությանը, թե իրենք պարտված են, որը նաև պատերազմի ժամանակ ընդունված մարտավարություն է, իրենք պետք է կամքով, կազմակերպվածությամբ այլ բան ապացուցեն: «Պետք է հասկանալ, որ բռունցքի դեմ խաղ չկա, համախմբված ժողովրդի դեմ խաղ չկա»,-ասաց նա:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանը ընթերցեց ճակատի կողմից ներկայացված հայտարարությունը, որը վերաբերում էր Tert.am-ին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին։ «Այս անգամ կեղծ հանրաքվեի միջոցով երկարաձգելու գործողությունը մոտեցել  է ավարտի փուլին, մարտի 19-ին Tert.am-ին տված հարցազրույցով, ըստ էության, հայտնեց, որ դրժելով պաշտոնական, հրապարակային խոստումը` կառչած է լինելու երկրի ղեկավարման պաշտոնից»,-ասաց Մուրադյանը:

Ըստ ճակատի՝ այս ամենից խուսափելու միջոցը համաժողովրդական ընդվզում է: «Կոչ ենք անում ողջ հայությանը՝ Հայաստանը, ներառյալ Արցախը և Սփյուռքի մեր հայրենակիցները  միասնական ձայն բարձրացնեն ընդդեմ Սերժ Սարգսյանի: Ընտրեք համաժողովրդական ընդվզման ձեր ձևը»,-ասաց նա: