Ֆրանսիայի սուպերմարկետներից մեկում անհայտ անձի կողմից պատանդ վերցված մարդիկ ազատ են արձակվել

16:07 • 23.03.18

Ֆրանսիայի հարավում գտնվող Տրեբ քաղաքում անհայտ անձի կողմից պատանդ վերցված մարդիկ ազատ են արձակվել: Այդ մասին հայտարարել է Տրեբի քաղաքապետ Էրիկ Մենասին, հայտնում է Reuters գործակալությունը:

Քաղաքապետը հայտնել է BFM TV-ին, որ զինված անձը, որը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու մասին, այժմ մեկ ոստիկանի հետ միայնակ է սուպերմարկետում, և մնացած բոլոր պատանդներն ազատ են արձակվել:

AP գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնում է, որ զինված անձը սուպերմարկետում մեկ մարդ է սպանել և ծանր վիրավորել ևս մեկին:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված անձը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել, այնուհետ քաղաքի Super U սուպերմարկետում պատանդներ վերցրել: Զինված անձը հայտարարել է, որ աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: AP գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությունից պաշտոնյայի, հայտարարել էր, որ պատանդ վերցնողն առնվազն մեկ մարդ է սպանել սուպերմարկետի ներսում: