Ֆրանսիայում զինված պատանդառության հետևանքով 2 մարդ է զոհվել, մոտ մեկ տասնյակ մարդ վիրավորվել
Ֆրանսիայի հարավում սուպերմարկետներից մեկում զինված պատանդառության հետևանքով երկու մարդ է զոհվել, մոտ մեկ տասնյակ մարդ վիրավորվել: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ինչպես գործակալությանը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, դեռևս պարզ չէ, թե արդյոք սուպերմարկետում դեռ կան պատանդներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բոլոր պատանդներն ազատ են արձակվել:
Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն իր աջակցությունը հայտնած զինված անձը կրակ է բացել և պատանդներ վերցրել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Տրեբ քաղաքի սուպերմարկետում:
Ինչպես նշում է AFP գործակալությունը, վկաների խոսքերով՝ նա «Ալլահ Աքբար» է բղավել մինչ սուպերմարկետ մտնելը:
Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի հարավում գտնվող մեկ այլ քաղաքում՝ Կարկասոնում, ոստիկան է վիրավորվել կրակոցից: Դեռևս պարզ չէ, թե արդյոք այդ երկու միջադեպերը կապված են:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ բոլոր տեղեկությունները վկայում են, որ սուպերմարկետի ներսում տեղի ունեցած կրակոցները և ավելի վաղ ոստիկանի ուղղությամբ կրակոցները «հավանաբար ահաբեկչական գործողություն են»:










