Ֆրանսիայում զինված պատանդառության հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի. զինված անձը սպանվել է
Ֆրանսիայի հարավում սուպերմարկետներից մեկում զինված անձի կողմից պատանդառության հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, հայտնում է BFMTV-ն: AFP գործակալության հաղորդմամբ՝ զինված անձը սպանվել է ոստիկանության կողմից:
Տրեբի քաղաքապետ Էրիկ Մենասիի խոսքով՝ զոհերից մեկը խանութում աշխատող մսագործն է եղել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն իր աջակցությունը հայտնած տղամարդը հարձակումից առաջ կրակել է Կարկասոն քաղաքում ոստիկանների խմբի վրա՝ վիրավորելով մի ոստիկանի, այնուհետ կրակել է Opel մեքենայի վարորդի գլխին և վերցրել նրա ավտոմեքենան, որով էլ գնացել է սուպերմարկետ: Այնտեղ նա սպանել է երկու մարդու և պատանդներ վերցրել:
Ինչպես նշել է AFP գործակալությունը, վկաների խոսքերով՝ նա «Ալլահ Աքբար» է բղավել մինչ սուպերմարկետ մտնելը:
Հաղորդվում է, որ տղամարդը հավանաբար 25-ամյա մարոկկացի է և հայտնի է եղել ֆրանսիական հատուկ ծառայություններին:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ բոլոր տեղեկությունները վկայում են, որ սուպերմարկետի ներսում տեղի ունեցած կրակոցները և ավելի վաղ ոստիկանի ուղղությամբ կրակոցները «հավանաբար ահաբեկչական գործողություն են»:










