Վրաստանում կարծում են, որ Բելառուսի նախագահը գաղտնի առաջարկ է բերել երկիր. «Независимая Газета»

14:14 • 23.03.18

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ավարտում է իր երկօրյա այցը Վրաստան, որտեղ նա բանակցություններ է անցկացրել վրաց գործընկերոջ՝ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, ինչպես նաև հանդիպել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ, գրում է Независимая Газета-ն:

Թբիլիսի այցից առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ բելառուսա-վրացական հարաբերություններն անհրաժեշտ է լրացնել իրական կոնկրետ բովանդակությամբ: Իր այցից հետո Բելառուսի նախագահն այդ առնչությամբ բողոքներ պետք է որ քիչ ունենա, գրում է լրատվամիջոցը: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել Վրաստանում արտադրվող ապրանքների և մթերքների գրեթե ամբողջ տեսականու Բելառուս մատակարարումների մասին, դրա համար արդեն ստեղծվել է հատուկ ընկերություն: Միևնույն ժամանակ, համաձայն պայմանագրի, Վրաստան կմատակարարվեն բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի խոշոր խմբաքանակներ:

Վրաստանում, սակայն, շատերի մոտ հարց է առաջացել, թե որն է Լուկաշենկոյի այցի պատճառը՝ նկատի ունենալով դրա քաղաքական մասը: Քաղաքական դրդապատճառի մասին, եթե այն եղել է, հայտնի կդառնա ավելի ուշ: Մոտավորապես այնպես, ինչպես 2015 թվականին Թբիլիսի Բելառուսի նախագահի նախորդ այցից հետո: Այդ ժամանակ նա խորհուրդ էր տվել ընդունող կողմին դիտարկել ԵԱՏՄ-ն և չմերժել:

Այժմ ավելի շատ հիմնավորումներ կան ենթադրությունների համար, որ Լուկաշենկոն Վրաստան է ժամանել ոչ միայն տնտեսական խնդիրներ լուծելու համար, այլև նմանատիպ առաջարկ է բերել: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ վերջերս Ռուսաստանի հասցեին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը գնահատել են որպես հարաբերությունների կարգավորման կոչ:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը մարտի 9-ին բաց նամակ էր հղել Ռուսաստանի իշխանություններին։ Նամակում Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծել է Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների վերականգնման բարդությունները՝ հիշեցնելով 2008 թվականին Հարավային Օսիայում զինված հակամարտության մասին։ Նա նաև կոչ է արել Կրեմլին համատեղ քայլեր ձեռնարկել բարդ իրավիճակը հաղթահարելու համար։