Վրացական Գուդաուրիում ճոպանուղու վթարի պատճառը մարդկային գործոնն է եղել (տեսանյութ)

17:43 • 23.03.18

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին հայտնել է, որ ֆրանսիացի փորձագետները պարզել են, որ Գուդաուրիում ճոպանուղու վթարի պատճառը մարդկային գործոնն է եղել, հայտնում է Грузия Online-ը:

Մասնավորապես՝ միջադեպը տեղի է ունեցել օպերատորի սխալի պատճառով, որը պատշաճ կերպով չի արձագանքել լարվածության տատանմանը:

«Օպերատորը պետք է այդ ճոպանուղին փոխադրեր դիզելային գեներատորի և այնուհետ զբոսաշրջիկներին հասցներ այնտեղ, որտեղ նրանք կարող էին իջնել՝ գիծն ամբողջությամբ մարդկանցից ազատելու համար: Ցավոք, այսօրվա դրությամբ եղած զեկույցի համաձայն, օպերատորը սխալ է թույլ տվել»,- ասել է Կումսիշվիլին:

Գուդաուրիում ճոպանուղին վթարվել էր մարտի 16-ին: Առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է 11 մարդ, նրանց թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Շվեդիայի քաղաքացիներ, նաև՝ հղի կին: Նրանք բոլորը հոսպիտալացվել էին: