Ստեղծում ենք ոչ թե սուպերվարչապետի, այլ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետի պաշտոն. Գ. Կոստանյան

14:00 • 23.03.18

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի՝ երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ԱԺ քննարկմանը Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե փաթեթի ընդունմամբ իրենք գործնականում սկիզբ են դնում պառլամենտական կառավարման ձևին:

«Փաթեթն իր ամբողջության մեջ կազմում է պետական ապարատի գործունեության հիմքը, պետական ապարատը դարձնում ենք քաղաքական պատասխանատվության օբյեկտ, պառլամենտական վերահսկողության օբյեկտ»,-ասաց նա:

Ըստ նրա՝ խոսում են, թե սուպերվարչապետական ինստիտուտ է սրանով ստեղծվում, ինչի հետ համաձայն չէ:

«Երբ մարդու վրա դնում ես պարտավորություններ, դա ոչ թե իր իրավունքներն է ավելացնում, այլ պատասխանատվությունն է ծանրացնում: Այդ տեսակետից ոչ թե սուպերվարչապետի պաշտոն ենք ստեղծում, այլ ստեղծում ենք ժողովրդի և պառլամենտի առաջ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետի պաշտոն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե ինչու ոստիկանությունը և Ազգային անվտանգության խորհուրդը նախարարություն չեն դառնում, Կոստանյանը բացատրեց, թե դա անընդունելի կլիներ, քանի որ դրանք հատուկ ծառայություն իրականացնող մարմիններ են, որոնք ապաքաղաքական մարմիններ պետք է լինեն:


Գևորգ Կոստանյանն անդրադարձավ նաև Երևանի ավագանու նիստերի հրապարակայնության հարցին: Ըստ նրա՝ իրենք կոնցեպցիան երկու խնդրի վրա են դրել: Առաջին՝ Կառավարության նիստերը դռնբաց չանելով՝ ԵԽ-ի գերագույն մարմնի օրինակն են վերցրել, որտեղ ևս նիստերը հրապարակային չեն:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանուն, ապա, ըստ նրա, ինչպես Աժ-ի դեպքում, այս դեպքում ևս հրապարակայնությունը պահպանում են:


«Մեր պառլամենտի գործունեությունն ակնհայտ հրապարակային է չէ՞, բայց լրագրողներն իրենց հատկացված տեղից հրապարակայնություն են ապահովում, նույնը կիրառվում է Երևանի ավագանու նկատմամբ, ինչո՞ւ, որովհետև Երևանի ավագանին էլ Երևան քաղաքի օրենսդիր մարմինն է: Նույն մոդելն առաջարկում ենք Երևանի ավագանիում, այստեղ ի՞նչն է տարօրինակ: Հասկանում եմ, որ ամեն նման դեպքում փորձում եք սահմանափակմանն ուղղված ցանկության դրսևորում տեսնել, բայց այդպես չէ, ընդամենը կանոնակարգման նպատակ ունի, վերջ»,- ասաց նա: