Կրասնայա Պոլյանայի լեռնադահուկային հանգստավայրում ձյունը «դեղնել» է (լուսանկարներ)
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կրասնայա Պոլյանա քաղաքատիպ ավանի «Ռոզա Խուտոր» լեռնադահուկային հանգստավայրում ձյան թմբերը պատվել են ավազով։ Այս մասին հայտնում է «Говорит Москва» ռադիոկայանը՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնին։
Երևույթի ականատեսներից մեկը մեկնաբանել է, որ փոշին Սև ծովի ափ է հասել Սահարայից։ Նրա խոսքով՝ Սահարայից փոշու խիտ ամպերը գալիս են Լիբիայի հյուսիս-արևելքից՝ Կրետե կղզով և Էգեյան ծովով հասնելով Թուրքիա ու Սև ծովի ափ։
Նշվում է, որ օրվա ընթացքում փոշին աստիճանաբար կշարժվի հյուսիս-արևելյան ուղղությամբ։
Կրասնոդարի երկրամասի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնում համաձայն են այս ենթադրության հետ, սակայն ավազի հայտնվելու հստակ պատճառը դեռ չի պարզվել։
Ականատեսները հրապարակել են համապատասխան լուսանկարներն Instagram-ում՝ համեմատելով այն Մարս մոլորակի մակերևույթի հետ։














