Հս. Կորեան համաձայնել է մարտի 29-ին բանակցություններ անցկացնել Հրվ. Կորեայի հետ
Հյուսիսային Կորեան ընդունել է մարտի 29-ին բարձր մակարդակի բանակցություններ անցկացնելու Հարավային Կորեայի առաջարկը, որի ժամանակ պետք է որոշվի ապրիլին միջկորեական գագաթնաժողով անցկացնելու օրն ու վայրը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Yonhap գործակալությունը՝ Միավորման հարցերով հարավկորեական նախարարությանը հղումով։
Հինգշաբթի Սեուլը տեղեկացրել էր Փհենյանին իր առաջարկի մասին։ Բանակցությունները կանցկացվեն ապառազմականացված գոտում՝ Փհանմունջոմ սահմանային կետում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 3 հոգուց բաղկացած հարավկորեական պատվիրակությունը կգլխավորի միավորման նախարար Չո Մոն Գոնը։
Մարտի 5-6-ին Հարավային Կորեայի ներկայացուցիչներն այցելել էին Փհենյան, որտեղ հանդիպում էին ունեցել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այցի արդյունքներով պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի վերջին Հարավային և Հյուսիսային Կորեաների առաջնորդների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։










