Ռեքս Թիլերսոնը կարող է զբաղեցնել Տեխասի համալսարանի ռեկտորի պաշտոնը. WSJ
Օրերս ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից ազատված Ռեքս Թիլերսոնը կարող է զբաղեցնել Տեխասի համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Թերթի տվյալներով՝ բուհի հանձնաժողովը դեռ պաշտոնական առաջարկ չի արել Թիլերսոնին։ Որպես կանոն՝ դա արվում է թեկնածուների ընտրության վերջնական փուլում։ Սակայն հանձնաժողովի որոշ անդամներ ակտիվորեն առաջ են տանում նախկին պետքարտուղարի թեկնածությունը։ Հաղորդվում է, որ Թիլերսոնն ավարտել է այս համալսարանը։
Ինչպես հայտնում են որոշ աղբյուրներ, անձամբ դիվանագետը դեռ չի կողմնորոշվել՝ ինչով է զբաղվելու, սակայն նա ստացել է աշխատանքի բազմաթիվ հրավերներ։ Տեխասի համալսարանի գործող ռեկտոր Ուիլյամ Մաքրեյվենը հայտարարել է մայիսին պաշտոնը լքելու մտադրության մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 13-ին հայտարարել էր Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից ազատելու մասին։ Այդ պաշտոնին հավակնում է ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն։










