ԱՄՆ-ում Թրամփի մասին գրքի մոտիվներով հեռուստասերիալ կնկարահանվի. Hollywood Reporter
Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ռոուչը հեռուստասերիալ կնկարահանի, որի հիմքում կընկնի լրագրող Մայքլ Վուլֆի սկանդալային գիրքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ Վուլֆը հանդես կգա նաև որպես հեռուստասերիալի գործադիր պրոդյուսեր: Դեռևս անհայտ է՝ որ ընկերությունը կցուցադրի հեռուստասերիալը:
Հայտնի է, որ Սպիտակ տունը կտրականապես հերքել է Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի բովանդակությունը, իսկ Թրամփի փաստաբանը նամակ է հղել լրագրողին ու հրատարակողին՝ պահանջելով դադարեցնել գրքի հրատարակումն ու տարածումը:
Հիշեցնենք, որ Մայքլ Վուլֆը հայտնել էր, որ իր հրատարակիչը ոչ միայն չի պատրաստվում հրաժարվել գրքի հրատարակումից, այլև կարագացնի վաճառքի մեկնարկը:
Գրքում, ի թիվս այլնի, ներկայացված է Թրամփի՝ ռազմավարական հարցերով նախկին խորհրդական Սթիվ Բենոնի հարցազրույցը, որը Թրամփի համար բազմաթիվ տհաճ հայտարարություններ է արել, մասնավորապես՝ «դավաճանություն» է անվանել ընտրությունների նախաշեմին Թրամփի որդու և Ռուսաստանի մի խումբ ներկայացուցիչների միջև հանդիպումը։










