Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայում աճուրդի կհանվի Վան Գոգի կտավը

12:30 • 29.03.18

Հայտնի նկարիչ Վինսենթ վան Գոգի կտավներից մեկը վերջին 20 տարում առաջին անգամ աճուրդի կհանվի Ֆրանսիայում, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը Women Mending Nets in the Dunes կտավի մասին է:

Հայտնի է, որ Վան Գոգն այն նկարել է հոլանդական Սհևենինգեն քաղաքում: Ենթադրվում է, որ կտավն աճուրդի է հանվելու հունիսին՝ 6 մլն դոլար մեկնարկային գնով:

Այնուհանդերձ՝ ոլորտի փորձագետները նշում են, որ Վինսենթ վան Գոգի պես նկարիչների դեպքում դժվար է կանխատեսել, թե նրանց կտավներն ի վերջո ինչ գնով կվաճառվեն:

Աղբյուրը հավելում է, որ յուղաներկով արված կտավը պատկանում է եվրոպացի հավաքորդի ու նախկինում զարդարել է Մոնրեալում Վան Գոգի թանգարանի պատերը:

«Սա նրա վաղ շրջանի գործերից է: Կտավը նկարելու ժամանակ նա նկարչի 2 տարվա փորձառություն ուներ»,-պատմել է Artcurial աճուրդի տան ներկայացուցիչը՝ ափսոսանք հայտնելով առ այն, որ վերջին տարիներին Վան Գոգի աշխատանքներն ավելի հազվադեպ են հանդիպում աճուրդներում:

Նշվում է, որ տաղանդաշատ նկարչի՝ երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ կտավը «Բժիշկ Գաշեի դիմանկարը» կտավն է, որը 1990թ. վաճառվել է 85.5 մլն դոլարով:

 

 

Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայում աճուրդի կհանվի Վան Գոգի կտավը