Հայկականություն պահած Ստեփանակերտի թատրոնի վերանորոգման հարցը կարելի է լուծել համաժողովրդական ներդրմամբ. Արցախի մշակույթի նախարար

13:07 • 30.03.18

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը այսօր մամուլ ասուլիսին ներկայացրին մշակութային ոլորտում համատեղ նախատեսված ծրագրերը:

Արմեն Ամիրյանը նշեց, որ շատ կարճ ժամանակ առաջ ստորագրված համագործակցության հուշագիրն այսօր կենդանություն է ստանում: «Միս, արյուն,  հոգի է ստանում, և մենք արդեն մեր ծրագրած բոլոր գործերը կարծես դարձնում ենք իրականություն»,- ասաց նա: Ամիրյանը նշեց, որ այս տարի բազմաթիվ մշակութային միջոցառումներ են նախատեսել Գորիսում, քանի որ Գորիսը հայտարարված է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:

«Այս տարի մենք իրականացնում ենք «Արցախ՝ իմ սեր» ծրագիրը, «Աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրը, քանի որ ուզում ենք վերանորոգել Ստեփանակերտի թատրոնի շենքը: Առաջին խոշորագույն մշակութային ծրագիրը՝ նախատեսված մայիսի 9-ին Ստեփանակերտում, լինելու է Համահայկական նվագախմբի երկրորդ համերգը»,- ասաց նախարարը և նշեց, որ 33 խոշոր մշակութային ծրագիր պետք է տեղի ունենա Արցախում:

Արցախի Հանրապետության  մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն ընդգծեց, որ հայկական երկու հանրապետությունների համար ամենակարևորը մշակույթի բնագավառի աննախադեպ համագործակցությունն է:

«Մենք համարում ենք, որ Արցախի մշակույթը հայկական մշակույթի մի մասն է. չի կարող մշակույթը տարբեր ուղղություններով զարգանալ  Հայաստանում և Արցախում: Այս համագործակցությունը երկկողմանի է և միտված է նրան, որ երկու հայկական տարածքների մշակութային դրսևորումները համահունչ լինեն»,- ասաց նա:

Նախարարը աննախադեպ համարեց համահայկական նվագախմբի երկրորդ համերգը և հույս հայտնեց, որ այն բոլորի հիշողության մեջ կմնա: Շահվերդյանը նաև նշեց, որ տեղի կունենա Այվազովսկու գեղանկարների ցուցահանդեսի կազմակերպում Արցախում:

Սերգեյ Շահվերդյանը կարևորեց Ստեփանակերտի թատրոնի վերանորոգման խնդիրը: «Ադրբեջանի ժամանակաշրջանում հայկականություն պահողը միայն Ստեփանակերտի թատրոնն էր, որը կառուցվել է համաժողովրդական ջանքերով: Հիմա հասունացել է այս շենքի վերանորոգման հարցը, և պարոն Ամիրյանի նախաձեռնությունը՝ ներգրավել նաև Հայաստանի թատերական կազմակերպություններին, մեծ ոգևորություն առաջացրեց: Մենք տեսանք, որ մեր օրերում էլ կարելի է իրականացնել համաժողովրդական ներդրում»,- ասաց նա և հայտնեց, որ արդեն դրամահավաք են սկսել, և թատրոնի վերանորոգման փաստաթղթային նախագծերն ու թվային պատկերը առաջիկայում կունենան:

«Դա այնպիսի մի ծրագիր է, որ կարող ենք համատեղ ուժերով իրականացնել և մի քանի տարում ավարտել»,- ասաց նա:

Նախարարը, անդրադառնալով Արցախի մշակութային խնդիրներին, ասաց, որ չի կարծում, թե դրանք տարբերվում են Հայաստանի մշակութային խնդիրներից: Նա նշեց, որ իրենց համար առաջնային խնդիրը մշակույթը հասանելի դարձնելն է բոլոր խավերին՝ անկախ բնակության վայրից, քանի որ մշակութային կյանքը հաճախ կենտրոնացած է լինում մայրաքաղաքում:

 

Հայկականություն պահած Ստեփանակերտի թատրոնի վերանորոգման հարցը կարելի է լուծել համաժողովրդական ներդրմամբ. Արցախի մշակույթի նախարար