Պուտինի խոսնակը Վայնշտեյնին մեղադրողներին «մարմնավաճառ» է անվանել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Հոլիվուդի երբեմնի ամենաազդեցիկ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ ծագած սեքս-սկանդալի ֆոնին «նորաձև» դարձած սեռական ոտնձգությունների թեմային, հայտարարել է, որ պրոդյուսերին մեղադրողները «մարմնավաճառներ» են:
Ինչպես նշում է The Guardian-ը, Պեսկովն այս մասին ասել է Մոսկվայի համալսարանում քննարկման ժամանակ, երբ նրան հարց են տվել բազմաթիվ կանանց կողմից սեռական ոտնձգությունների համար մեղադրվող ռուս խորհրդարանական Լեոնիդ Սլուցկիի մասին:
Պեսկովն ասել է, որ եթե Սլուցկիի դեմ ներկայացված մեղադրանքները ճիշտ են, ապա տուժած կանայք այդ մասին պետք է ավելի վաղ բարձրաձայնեին: Պեսկովը ենթադրել է, որ այդ մեղադրանքները շինծու են, քանի որ ներկայում սեռական ոտնձգությունների թեման շահարկելը շատ «նորաձև» է:
«Եթե նա սեռական ոտնձգություն է կատարել ձեր նկատմամբ, ինչո՞ւ եք լռել, ինչո՞ւ չեք դիմել ոստիկանություն: Սա ինձ հիշեցնում է Վայնշտեյնի շուրջ ծագած սկանդալը: Այդ դեպքում էլ ոչ մեկ ոստիկանություն չէր գնացել ու չէր հայտարարել, որ Վայնշտեյնն իրեն բռնաբարել է: Ո՛չ, որովհետև նրանք ուզում էին 10 մլն դոլար վաստակել: Իսկ ինչպես է կոչվում կինը, որը 10 մլն դոլարի դիմաց քնում է տղամարդու հետ: Միգուցե դա կոպիտ հնչի, բայց նա կոչվում է մարմնավաճառ»,-ասել է Պուտինի խոսնակը:










