«Սևակ Խանաղյանի երգն արժանի է հաղթանակի», «Այդ երգում մի տեսակ հայկականություն կա». Wiwibloggs-ի բլոգերները կիսվել են կանխատեսումներով (տեսանյութ)
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի լուսաբանմամբ զբաղվող Wiwibloggs կայքի բլոգերներ Ուիլյամն ու Դեբանն անդրադարձել են այս տարվա մրցույթին մասնակցող երգերին՝ այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի «Քամի» երգին:
Բլոգեր Ուիլյամի կարծիքով՝ Սևակ Խանաղյանն իրոք արժանի թեկնածու է, իսկ նրա ներկայացրած երգը զգացմունքային է, հոգի ներթափանցող, ինչ-որ առումով ավանդական և, միևնույն ժամանակ, ժամանակակից:
«Բայց, այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ այս երգը կհաղթի «Եվրատեսիլ»-ում, կամ կներառվի լավագույն հնգյակում»,-նշել է Ուիլյամը:
Նա նաև նկատել է, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնում է բացառապես հայերեն տեքստով երգ:
«Կարծում եմ՝ դա ճիշտ է, քանի որ երգում մի տեսակ հայկականություն կա, որն անգլերեն երգելու դեպքում կկորեր»,-հավելել է բլոգերը:
Մինչդեռ Դեբանի կարծիքով՝ Խանաղյանի երգը շատ ուժեղ է, դինամիկ, այն լսողին ինչ-որ ուժ է տալիս, վեր բարձրացնում:
«Ես կարծում եմ, որ այն արժանի է հաղթանակի»,-նշել է բլոգերը:
Երիտասարդները նաև նկատել են, որ Հայաստանի ներկայացուցիչը շատ բարետես է:
Բլոգերները հավելել են, որ Սևակ Խանաղյանը եզրափակչում հայտնվելու բոլոր շանսերն ունի, քանի որ ոչ միայն ներկայանում է լավ երգով, այլև ճանաչում է վայելում Հայաստանի սահմաններից դուրս՝ Ռուսաստանում, Ուկրաինայում:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2018»-ը տեղի կունենա մայիսի 8-12-ը՝ Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում:










