Հրապարակվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքի հյուրերի ցանկը

22:09 • 31.03.18

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին շուրջ 600 հյուր ներկա կգտնվի, որոնց արդեն հրավիրատոմսեր են ուղարկվել:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, փեսացուի կողմից հարսանիքին ներկա կլինեն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, որի հետ արքայազնը ընկերական հարաբերություններ է պահպանում, նրա կինը՝ Միշել Օբաման, ինչպես նաև կանադացի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Շվեդիայի գահաժառանգ արքայադուստր Վիկտորիան և Իսպանիայի թագավորական ընտանիքը:

Հունվարին հաղորդվում էր, որ Օբաման կարող է չհրավիրվել տոնական հանդիսությանը, քանի որ անգլիական թագավորական ընտանիքում մտավախություն ունեն, որ դա կարող է դիտվել որպես մարտահրավեր ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:

Քաղաքական գործիչներից բացի արքայազն Հարին հրավիրել է իր նախկին ընկերուհիներին, Դևիդ և Վիկտորիա Բեքհեմներին, դերասանուհի Մարգո Ռոբբիին: Հանդիսության ժամանակ, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենան Էլթոն Ջոնը, Էդ Շիրանը, Էլլի Գոլդինգը և Քրիս Մարտինը:

Հարսնացուի կողմից հրավիրվել են Մարքլի լավագույն ընկերուհի, հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրան, սերիալում նրա գործընկերներ Պատրիկ Ջեյ Ադամսը և Էբիգեյլ Սփենսերը, Օլիվիա Պալերմոն, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը և ոճաբան Ջեսիկա Մալրունին:

Հիշեցնենք, որ նրանց հարսանիքը կայանալու է մայիսի 19-ին Վինդզորյան ամրոցի Սուրբ Ջորջ մատուռում: