Սյունիքի մարզում վեճի ժամանակ սպանություն է տեղի ունեցել. կասկածյալը ձերբակալվել է
Ապրիլի լույս 2-ի գիշերը՝ 00:35-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 45-ամյա տղամարդը վիրահատության ժամանակ մահացել է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, Գորիսի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը՝ պարզելով կատարվածի հանգամանքները:
Որոտան համայնքում մի քանի հոգի վիճել էին: Ընթացքում էլ տղամարդը դանակահարվել էր: Պարզվեց մասնակիցների ինքնությունը, այդ թվում՝ դանակահարողի:
Ձեռնարկված բացատրական աշխատանքի արդյունքում Մայիսիկ Հակոբյանը, դեպքից ժամեր անց, ներկայացավ ոստիկանության Գորիսի բաժին և որպես կասկածյալ ձերբակալվեց:
Հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են փորձաքննություններ:










