Մոսկվայում հրդեհվող առևտրի կենտրոնից տարհանվել է ավելի քան 100 մարդ, հաղորդվում է զոհի մասին (տեսանյութ)

15:01 • 04.04.18

Մոսկվայի «Պերսեյ» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով կա 1 զոհ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ին:


Հաղորդվում է, որ մահացել է առևտրի կենտրոնի աշխատակիցը: ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ կրակը հաջողվել է մարել:


«Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 80 քմ։ Այն մարվել է»,- ասել է ՌԴ ԱԻՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության պետ Իլյա Դենիսովը՝ հավելելով, որ տուժել է 3 հրշեջ-փրկարար։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժել է մեկ այցելու և մեկ հրշեջ:

«Հրդեհը մարելու ժամանակ վիրավորվել է մեկ հրշեջ և մեկ քաղաքացիական անձ»,- ТАСС գործակալությանը հայտնել էր արտակարգ ծառայություններում աղբյուրը:

«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրի, հայտնել է, որ «Պերսեյ» առևտրի կենտրոնից տարհանվել է ավելի քան 100 մարդ:

Հաղորդվում է, որ այրվել է առևտրի կենտրոնի վեցերորդ հարկում գտնվող պահեստը: