Մուլտֆիլմի առաջվա շունչը չկա. «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նոր սերիան հակասական կարծիքներ է առաջացրել դիտողների շրջանում (տեսանյութ)

11:08 • 04.04.18

«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան տարիների դադարից հետո ներկայացրել է խորհրդային արտադրության ամենահայտնի մուլտֆիլմերից մեկի`«Պրոստոկվաշինո»-ի նոր սերիան, որը բուռն քննարկումների առիթ է տվել:

Ինչպես նշում է ria.ru-ն, «Վերադարձ Պրոստոկվաշինո» շարքի առաջին սերիան համացանցում է հայտնվել ապրիլի 3-ին:

«Սա բացարձակապես այն չէ, մուլտֆիլմի առաջվա շունչը չկա: Կարծում եմ՝ ձեզ երբեք չի հաջողվի գերազանցել խորհրդային մուլտիպլիկատորներին: Ուրեմն՝ ավելի լավ է ինչ-որ նոր բան մտածեք»,-գրել է համացանցի օգտատերերից մեկը:

Մեկ այլ օգտատեր բողոքել է կերպարներից մեկին հնչյունավորած Իվան Օխլոբիստինի ձայնից՝ նկատելով, որ գաղափարը լավն է, սակայն գերազանց արդյունքի հասնելու համար պետք է շատ աշխատել մուլտֆիլմի վրա:

Մինչդեռ գտնվել են մարդիկ, որոնց կարծիքով՝ ժամանակակից մուլտիպլիկատորներին հաջողվել է արդիականացնել դասական մուլտֆիլմը:

Ոմանց էլ դուր չի եկել, որ մուլտֆիլմի ստեղծողները հումորների մեծ մասը կառուցել են ժամանակակից տեխնոլոգիաների ու սոցցանցերի շուրջ:

«Հումորները շատ հիմար են՝ օրիգինալ «Պրոստոկվաշինո»-ի համեմատ: Շատ ցավալի է սա տեսնել»,-գրել է մի օգտատեր:

«Սոյուզմուլտֆիլմ», շնորհակալ ենք նման զիլ արտադրանքի համար»,-հակադարձել է մեկ այլ օգտատեր:

Հայտնի է, որ համացանցում հրապարակվելուց հետո նոր սերիան «ВКонтакте» սոցցանցում ունեցել է 7 մլն, իսկ «Одноклассники»-ում՝ 5 մլն դիտում:

Հիշեցնենք, որ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կառավարման խորհրդի նախագահ Յուլիանա Սլաշչևան հայտարարել էր մինչև տարեվերջ «Պրոստոկվաշինո» սիրված մուլտֆիլմի 8-10 նոր սերիա թողարկելու մտադրության մասին: Ընդհանուր առմամբ, 2018-2020 թվականներին 30 նոր սերիա կստեղծվի:

Նշվում է, որ Մատրոսկին կատվին նոր սերիաներում կհնչյունավորի Անտոն Տաբակովը, Շարիկ անունով շանը՝ Գարիկ Սուկաչովը, իսկ Քեռի Ֆյոդորին՝ Ալեքսեյ Օնեժենը:

Մուլտֆիլմում երկու նոր կերպար կհայտնվի՝ Քեռի Ֆյոդորի քույրը՝ Վերա Պավլովնան, և անհայտ գազանիկ Տամա-Տաման: 

 

Մուլտֆիլմի առաջվա շունչը չկա. «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նոր սերիան հակասական կարծիքներ է առաջացրել դիտողների շրջանում (տեսանյութ)