Պուտինը կառուցողական է անվանել Սիրիայի հարցով Էրդողանի և Ռոհանիի հետ բանակցությունները

18:33 • 04.04.18

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի առաջնորդները բանակցություններն անց են կացրել գործնական և կառուցողական մթնոլորտում: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Անկարայում երեք երկրների նախագահների հանդիպման արդյունքներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եռակողմ ձևաչափով մեր բանակցություններն ընթացել են գործնական և կառուցողական մթնոլորտում: Մենք հանգամանորեն քննարկել ենք Սիրիայում իրավիճակի հիմնական հարցերը, փոխանակվել ենք այդ երկրում երկարաժամկետ կարգավորման ապահովման նպատակով հետագա քայլերի վերաբերյալ կարծիքներով»,- ասել է Պուտինը:

Ինչպես հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են օգնել Սիրիայի ժողովրդին:

«Երեք երկրներ պայմանավորվել են մարդասիրական օգնություն տրամադրել սիրիացի ժողովրդին»,- ասել է Ռոհանին գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մարդասիրական իրավիճակը սարսափելի է, մենք պետք է օգնենք»,- հավելել է նա: