«Փրկենք Նաիրիտը». բողոքի ակցիա` Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

14:40 • 05.04.18

Դիմում ենք բոլորին՝ ընկերություններ, կազմակերպություններ, անհատներ, որոնք չեն ելնում իրենց քաղաքական նեղ շահերից, այլ մտածում են Հայաստանի տնտեսության, արտադրության զարգացման համար՝ միացեք մեզ, փրկենք Նաիրիտը. Tert.am-ի հետ զրույցում իր կոչն ուղղեց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատող Անահիտ Մանուկյանը:

Նա մի խումբ նաիրիտցիների հետ Կառավարության շենքի առջև հերթական ակցիային էր մասնակցում:

Անահիտ Մանուկյանը ներկայացրեց գործարանի շուրջ ծավալվող վերջին գործընթացները: Ըստ նրա՝ ստեղծվել է գիտնականների և մտավորականների խորհուրդ, ովքեր շատ մտահոգ են Հայաստանի տնտեսության զարգացմամբ, և «Նաիրիտ» գործարանի բողոքները համակարգող խումբն աշխատում է այդ խորհրդի հետ:

Նաիրիտի նախկին աշխատողը նշեց, որ իրենք բաց նամակով դիմել են երկրի նախագահին և նաև վարչապետին՝ խնդրելով թույլ տալ գործարանով հետաքրքրվող «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգին իրավունք ստանալ իր միջոցների հաշվին աուդիտ անցկացնել:

«Նախ դիմել ենք, թե երբ մրցույթ եք հայտարարել, ինչո՞ւ մինչև այժմ արդյունքները չեն հրապարակվել: Հաջորդը՝ կա հոլդինգ, որն ուզում է Նաիրիտում աուդիտ անցկացնել: Բոլորս տեղյակ ենք, որ Նաիրիտը սննկացման եզրին է և սննկացման կառավարիչն այնտեղ իր գործն անում է, դրա համար «Եվրոպա-Ասիա» հոլդինգը դիմել է կառավարությանը՝ թույլ տալու իրենց միջոցներով ու մասնագետներով աուդիտ անցկացնել՝ հասկանալու, թե ինչքան է հարկավոր վերագործարկելու համար: Հիմա մենք դիմում ենք և՛ վարչապետին, և՛ նախագահին՝ թույլ տվե՛ք, որ այս մարդիկ, կազմակերպությունն իր մասնագետներով ու ֆինանսներով անցկացնի աուդիտ և ի վերջո հասկանանք՝ կարո՞ղ ենք վերագործարկել Նաիրիտը, թե ոչ»,-ասաց նա:

Անահիտ Մանուկյանը նշեց, թե գործարանի արտադրական բլոկով իրենք են աշխատել և իրենց ունեցած տեղեկություններով, թեև շատ սարքավորումներ և գույք է օտարվել, բայց այդ բլոկին դեռ ձեռք չի տրվել, և քանի դեռ ուշ չէ, թույլ տան հաշվառել: